երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
44-օրյայի մասնակից 20-ամյա Գոռի ոսկրածուծի փոխպատվաստման համար ընդամենը 2 ամիս ժամանակ կա․ յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է

44-օրյայի մասնակից 20-ամյա Գոռի ոսկրածուծի փոխպատվաստման համար ընդամենը 2 ամիս ժամանակ կա․ յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Գոռ Նազլուխանյանն իր երիտասարդ տարիքում արդեն երկրորդ անգամ է ստիպված պայքարել ծանր հիվանդության՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեմ։

Լոռվա Դեբեդ գյուղից Գոռը հիվանդության առաջին փուլը հիմնականում կարողացավ հաղթահարել ընտանիքի սեփական միջոցների հաշվին։ Բայց վճռորոշ՝ երկրորդ փուլում, պետք է յուրաքանչյուրի անգամ ամենափոքր ֆինանսական աջակցությունը։ Հիմա Գոռն ապրելու միայն մեկ հնարավորություն ունի՝ ոսկրածուծի փոխպատվաստումն արտասահմանում։ Տղայի հարազատներն ու ընկերներն այս օրերին տարբեր դրամահավաքներ են կազմակերպում՝ հուսալով, որ շատերը անտարբեր չեն գտնվի և Գոռին բնականոն կյանք վերադարձնելու հարցում իրենց ներդրումը կունենան։  

Գոռի քույրը՝ Մարիամը, Zarkerak.am-ի հետ զրույցում պատմում է․ «2020թ-ի ամռանը Գոռը 18 տարեկանում զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Արցախում՝ Մարտունու շրջանում։ Հենց պատերազմի ընթացքում Գոռի մոտ սկսել են գանգատներ առողջական խնդիրներից։ Պատերազմի օրերին մի քանի օրով  Արցախից եկել է Երևան՝ անցել ստուգումներ, բայց քանի որ վերջնական պարզ չէր, թե ինչ հիվանդություն ունի և ինչ ախտորոշում ունի, վերադարձել է Արցախ և շարունակել է մասնակցել պատերազմին մինչև վերջ»։

Մարիամի խոսքով՝ Գոռը կռվել է  մարտի դաշտի տարբեր հատվածներում, անգամ՝ հայտնվել շրջափակման մեջ, բայց կարողացել է դուրս գալ։

Պատերազմի ավարտից հետո ՝ ծառայության ժամանակ Գոռի առողջական վիճակը խիստ վատացել է․«Տեղափոխվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, այդ ժամանակ արդեն հիվանդությունը վերջնականապես հաստատվել է՝ սուր լեյկոզ,  ու սկսել է քիմիոթերապիայի կուրս անցնել»։

Պետությունը Գոռին՝ որպես պատերազմի մասնակից և զինծառայող,  քիմիաթերապիայի 7 փուլերում որոշակի աջակցություն է ցուցաբերել, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր ծախսերը հոգացել է ընտանիքը՝ այն հույսով որ  բուժումը կստիպի հիվանդությանը նահանջել․ «Սակայն քիմիոթերապիայից  մեկ տարի անց՝ մոտ մեկ ամիս առաջ, հիվանդությունը կրկնվել է։ Գոռի առողջական վիճակը մեկ ամիս առաջ խիստ վատացել է, էլի պարբերաբար եկել ենք Երևան, անցել է հետազոտություններ։ Այս վերջում Յոլյանի անվան  արյունաբանական կենտրոնում հայտնեցին, որ Գոռին փրկելու համար,  լավագույն դեպքում, 2 ամիս ժամանակ ունենք․ այս պահին որևէ այլ լուծում, քան ոսկրածուծի փոխպատվաստումը, չեն առաջարկում։ Փոխպատվաստումն արժե 100 հազար ԱՄՆ դոլար և պետք է իրականացվի Գերմանիայում»,- ասում է Մարիամը։

Հիմա Գոռը տանն է․ «Հիվանդանոցում ասել են, որ էլ ոչ մի կերպ  իրեն օգնել չեն կարողանա։ Հիմա անընդհատ տաքություն ունի, օրգանիզի տարբեր հատվածներ սկսել են հիվանդությանը բացասական կերպով արձագանքել, միշտ պառկած է»,-ասում է Մարիամը, բայց և նշում՝ տղան փորձում է հույսը չկորցնել, և հավատալ, որ սրտացավ մարդիկ կօգնեն, որ ինքը հաղթի ապրելու համար այս պատերազմում։  

Դրամահավաքներ արվում են միաժամանակ մի քանի հարթակներում․ «Ամերիկյան մի կայքում դրամահավաք ենք կազմակերպել, այնտեղ 50 հազար ԱՄՆ դոլար ենք փորձում հավաքել։ Հայաստանում էլ փորձում ենք տարբեր միջոցներով անհրաժեշտ գումարը հավաքել»,-Գոռի քույրը հավելում է նաև․ «Անգամ շատ անծանոթ մարդիկ են այսօր իր կողքին։ Ամեն ինչ անում ենք, որ իր մոտ հույսը չկորի, այս պահի դրությամբ հատկապես հանրային արձագանքն է շատ կարևոր, Գոռն էլ տեսնելով, որ դեռ 2 օր առաջ  մեկնարկած դրամահավաքում արդեն 15 հազար դոլար է հավաքվել, նորից հուսադրվում է։ Ինքը զգում է , որ մարդիկ ամեն ինչ անում են իր համար ու թուլանալու իրավունք, պարզապես, չունի։ Ունենք 2 ամիս ժամանակ ու ամեն օրն է կարևոր»։  

Գոռի բուժման համար հանգանակություն կատարելու համար կարող եք անցնել հետևյալ հղումներով՝  

https://www.gofundme.com/f/help-gor-with-his-bone-marrow-transplant?utm_campaign=p_cp+share-sheet&utm_content=undefined&utm_medium=copy_link_all&utm_source=customer&utm_term=undefined&fbclid=IwAR3pjBUKV2wFBZSHfsi8vPbr8LS5VblHq4-KIVItNQb_ZAbO8m0UtOu1ZHI

https://www.facebook.com/4everSey/posts/pfbid02FEi9dHj6FH7w29H28X6msqkRnb47MLSFjZURMXLtcoiiHpRHUzcNvs7uodXDCgjkl

  • Կիսվել: