երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի եղբայրը անվճար ծաղիկներ է բաժանում Եռաբլուրում

44-օրյա պատերազմում զոհված Տարոն Անդրեասյանի եղբայրը անվճար ծաղիկներ է բաժանում Եռաբլուրում

Իմ ջերմոցի ծաղիկները բերել եմ ու բաժանում եմ ժողովրդին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել Անդրեասյանը, ով անվճար ծաղիկներ էր բաժանում Եռաբլուր այցելողներին։
«Ամեն կիրակի եմ գալիս բաժանում, ուղղակի այսօր որ իրենց հիշատակի օրն է, այսօր էլ եմ եկել, վաղն էլ եմ գալու։ Ես Տարոն Անդրեասյանի հորեղբոր տղան եմ Մխչյան գյուղից։ Համարյա ամեն կիրակի գալիս եմ, բաժանում եմ ժողովրդին։ Արդեն մեկ տարի է, որ գալիս եմ։ Հիմա մի քիչ ցուրտ է, չեմ կարողանում շուտ–շուտ գալ, բայց ամառը շուտ-շուտ եմ գալիս։
Էս տղաները ամեն ինչի էլ արժանի են, որ գնացել մեզ համար իրենց կյանքը տվել են, այսօր մենք հանգիստ ապրում ենք, իրենց շնորհիվ։ Երբ էլ հիշես, իրենք արժանի են։ Որ ամեն օր էլ գաս այստեղ կանգնես, ծաղիկ բաժանես, իրենց հիշես, իրենք արժանի են։
Որ ծաղիկները վերջանա, պետք է գնամ էլի բերեմ»,–ասաց նա։
Խոսելով Տարոն Անդրեասյանի մասին, նա ասաց. «44–օրյա պատերազմին է մասնակցել ու զոհվել է Կուբաթլուում։ Ինքը Ռուսաստանում էր, որ իմացել էր պատերազմ է,  եկավ Հայաստան ու գնաց։ Այդ ժամանակ 27 տարեկան էր, հիմա արդեն 32 տարեկան է։ Իմ հոպարի տղան է, հոպարս էլ պատերազմի մասնակից է եղել՝ Հարություն Անդրեասյանը»։
Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, վայր չի դրել զենքը, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել:
Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ` նրա 30-ամյակի օրը, Մխչյան գյուղում, ի հիշատակ պատերազմում զոհված տղաների, տեղի է ունեցել խաչքարի օրհնման կարգ: Հանդիսավոր կերպով բացվել է նաև Տարոն Անդրեասյանի անվան պուրակն ու նրա արձանը, որի բացմանը մասնակցել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Տարոնը առաջնագիծ է մեկնել դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:
Նրա եղբայրներից Արման Անդրեասյանը 2024 թվականին դարձել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն և հայտարարել, որ հաղթանակը նվիրում է Տարոն Անդրեասյանին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով հունվարի 27–ը սահմանվեց  Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։
Այսօր ոչ աշխատանքային օր է։
Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

  • Կիսվել: