4 հազարանոց համայնք, 30-ից ավել իրականացված ծրագիր. մեկ տարի գործող ««ռեԱրմենիա»-ն նոր թիրախ է սահմանել
Մեկ տարվա պատմություն ունեցող «ռեԱրմինիա» հարթակն իր շուրջ համախմբել է գործունյա և ստեղծարար 4 հազար մարդու: Հաջորդ թիրախն է ավելի շատ մարդկանց գտնելը և ներգրավելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ «ռեԱրմենիա»-ն հաշվետվություն է ներկայացնելու համայնքին, թե ինչ հաջողություններ են գրանցել և ինչ բարդ ճանապարհ են անցել այդ ընթացքում, խոսելու են նաև հաջորդ քայլերի և նախագծերի մասին, հարթակի գործընկերները ներկայացնելու են իրենց տեսլականը և ինչ ծրագրեր պետք է իրականացվեն:
«Քանի որ շատերս հենց բիզնես ոլորտից ենք, միշտ ավելի բարձր նշաձողեր ենք դնում, քան որևէ մեկը կարող է հավատալ, որ հնարավոր է դրան հասնել: Այդ նշաձողերը հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանանք մեր ուժերի առավելագույնը օգտագործել: Մենք այդպիսի պլաններ ենք մշակել: Հարթակի ամենամեծ ձեռքբերումը այս տարվա համայնքի ձևավորումն է, որը չափելի արդյունք ստեղծող, գործ անող համայնք է։
Դրանից բացի, ամբողջ տարվա ընթացքում 300 դիմում ենք ստացել տարբեր նախագծերի վերաբերյալ: Այդ նախագծերը ստուգվել են և դրանցից ամենահաջողվածները, վստահություն ներշնչողները, լավ մշակվածները՝ մոտ 50 նախագիծ, ներկայացվել է հարթակում, որից 30-ը հասել են հաջողության: 650 հազար դոլար ֆինանսական միջոցներ է հավաքվել այդ ծրագրերը իրականացնելու համար»,- ընդգծեց Պողոսյանը:


