2026 թվականից Վրաստան մուտք գործելու համար կպահանջվի պարտադիր ապահովագրություն․ ՊԵԿ-ը մանրամասնում է
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։
Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։
Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․
🔺Ապահովագրական պայմանագրի կողմեր,
🔺 Ծածկույթի տարածք,
🔺 Ապահովագրության առարկա,
🔺 Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր,
🔺 Ապահովագրված ռիսկեր,
🔺 Ապահովագրական գումարի սահմանաչափը,
🔺Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։
Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։
Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․
🔻Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք,
🔻Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները,
🔻Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,
🔻Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով,
🔻Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։


