2024 թվականը պատմության մեջ ամենաշոգ տարին կլինի. ԵՄ զեկույց
2024 թվականը ռեկորդային ամենատաք տարին կդառնա, ըստ Եվրոպական միության գիտնականների, անոմալ բարձր ջերմաստիճանները կպահպանվեն առնվազն մինչև 2025 թվականի առաջին ամիսները: Դրա մասին, ըստ Reuters-ի՝ հայտնել է Եվրամիության կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus (C3S) ծառայությունը։
2024 թվականի հունվարից մինչև նոյեմբեր հավաքված C3S տվյալներով՝ այս տարին պատմության մեջ առաջինն է լինելու, երբ 1850-1900 թվականների նախաարդյունաբերական շրջանի համեմատ գլոբալ միջին ջերմաստիճանը գերազանցում է 1,5 աստիճանն ըստ Ցելսիուսի։
Նշվում է, որ մինչ այս ամենատաք տարին եղել է 2023 թվականը։
Ինչպես նշել են հետազոտողները, այս տարին աչքի էր ընկել ամբողջ աշխարհում եղանակային էքստրեմալ իրադարձություններով.
- սաստիկ երաշտները հարվածեցին Իտալիային և Հարավային Ամերիկային;
- մահացու ջրհեղեղները հարվածել են Նեպալին, Սուդանին և Եվրոպային;
- Մեքսիկայում, Մալիում և Սաուդյան Արաբիայում ջերմային ալիքները հազարավոր կյանքեր են խլել;
- ԱՄՆ-ում և Ֆիլիպիններում ավերիչ ցիկլոններ են տեղի ունեցել:
Գիտական հետազոտությունները հաստատում են, որ այս բոլոր իրադարձությունները հստակ կապ ունեն մարդու գործունեության հետևանքով առաջացած կլիմայի փոփոխության հետ։ Կլիմայի փոփոխության հիմնական պատճառն հանածո վառելիքի այրման արդյունքում ածխաթթու գազի արտանետումն է:
Թեև շատ կառավարություններ պարտավորվել են զուտ զրոյական արտանետումներ իրականացնել, CO₂-ի համաշխարհային արտանետումները ռեկորդային մակարդակի կհասնեն 2024 թվականին:
Եվրամիության կլիմայի փոփոխության մոնիտորինգի Copernicus (C3S) ծառայությունն ընդգծել է, որ արտանետումների զրոյսական մակարդակի իջեցումը կարող է կանգնեցնել իրավիճակի վատթարացումը, սակայն «ներկայիս խոստումները դեռ չեն հանգեցրել ցանկալի արդյունքի»։
Գիտնականները միաժամանակ հետևում են 2025 թվականին Լա Նինայի կլիմայական երևույթի զարգացման հավանականությանը, որը կարող է ժամանակավորապես սառեցնել օվկիանոսների մակերեսը։ Սակայն դա ընդհանուր տաքացման միտումը չի փոխի:
«2025-ը կարող է փոքր-ինչ ավելի սառը լինել, քան 2024-ը, եթե Լա Նինյան տեղի տա, բայց դա չի նշանակում, որ ջերմաստիճանը կլինի «անվտանգ» կամ «բնականոն», - ասում է Լոնդոնի Կայսերական քոլեջի կլիմայագետ Ֆրիդերիկե Օտտոն: