երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
2024-ին 6.2 մլրդ դրամ է ուղղվել 60 համայնքի տարբեր բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներին. Խուդաթյան

2024-ին 6.2 մլրդ դրամ է ուղղվել 60 համայնքի տարբեր բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներին. Խուդաթյան

Որոտանը այն բնակավայրերից է, որտեղ «Վեոլիա ջրի» կողմից սպասարկում չի իրականացվում. ջրամատակարարումն իրականացվում է բավականին վատ գրաֆիկով: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ջրամատակարման ցանցի արդիականացման ծրագիրը քննարկվում է «Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել: Առաջիկայում այդ մասով քննարկումները ավարտելուց հետո մարզպետի աշխատակազմը կամ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը կսկսի նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերել ծրագրի իրականացման համար: Կախված ժամանակացույցից՝ կփորձենք շինարարական աշխատանքները մեկնարկել 2025-ի ընթացքում:

Միայն 2024 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 6.2 մլրդ դրամ ֆինանսավորում է ուղղվել հանրապետության 60 համայնքների տարբեր բնակավայրերին միայն ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներին ուղղված ծրագրերն իրականացնելու համար, որից ավելի քան 4 միլիարդը համաֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով»:

  • Կիսվել: