շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2022-ին ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել 320 անձ, 213-ը Ուկրաինայից են

2022-ին ՀՀ-ում ապաստանի հայց է ներկայացրել 320 անձ, 213-ը Ուկրաինայից են

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում հաստատեց Հայաստանում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում  ապաստան հայցող անձանց թիվը տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ։ Այդ թիվն առանձին տարիներին՝ տարածաշրջանում առկա հակամարտություններով պայմանավորված աճում է։ Այսպես՝ սիրիական ճգնաժամի հետևանքով 2012 թ.-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց  թիվը հասել  է  579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։ կնհայտ է աճի միտումը նաև 2022 թ.-ին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։ 2022 թ. առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։

ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է,  քանի   որ  այդ  անձինք  փախստական ճանաչվելուց  հետո  հնարավորություն  չունեն  ինքնուրույն լուծել իրենց  կացարանի հարցը, նրանց  անհրաժեշտ  է որոշակի ժամանակ հայոց լեզուն  սովորելու և աշխատանք  գտնելու  համար, որից  հետ  միայն  նրանք  կարող  են    քայլեր  ձեռնարկել   կացարանի ձեռք  բերման  ուղղությամբ։ 

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց կացարանի խնդիրը մասամբ լուծվում   է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի սպասարկման ենթակա սոցիալական տներում  նրանց ժամանակավոր կացարան  տրամադրելու  միջոցով։ Սոցիալական  տներում իրատեսական  է   բնակեցնել նշված 150 անձանց մեկ  երրորդին, իսկ մնացած  100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար կացարանով ապահովումը  հնարավոր է իրականացնել  բնակարանի վարձակալության  փոխհատուցման միջոցով:

Ծրագրի նպատակն է, ՀՀ-ում ապաստան ստացած և փախստական ճանաչված՝  ժամանակավոր կացարանի սուր խնդիր ունեցող  և  կյանքի դժվարին  իրավիճակում  հայտնված անձանց Սոցիալական տներում   բնակեցնելու անհնարինության դեպքում, բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման  ճանապարհով,   նպաստել  այդ  անձանց   բնակարանային  հիմնախնդրի  լուծմանը։

Կարգավորման նպատակն է ապահովել ՀՀ կողմից մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց ինտեգրման  միջոցով  ապահովելով հասարակության  համերաշխությունն  ու կայունությունը և խուսափելով մարգինալ խավերի առաջացումից:

  • Կիսվել: