չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 2021-ին սրտանոթային հիվանդությունից մահացության դեպքերը կազմել են 16․589 , 2020-ին՝ 17․ 114

2021-ին սրտանոթային հիվանդությունից մահացության դեպքերը կազմել են 16․589 , 2020-ին՝ 17․ 114

 «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են առողջապահական համակարգի գերակա հիմնախնդիրներից  մեկը։ Հիվանդացության և մահացության ցուցանիշները  բավականին բարձր են »,- Սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  այս մասին հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Դիանա Անդրեասյանը։ 

«Ինչպես ԱՀԿ-ի տվյալներն են բարձրաձայնում ,  յուրաքանչյուր տարի սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունները  կազմում են շուրջ 16․6 միլիոն։ Հիվանդությունից մահացության ցուցանիշն ավելի բնորոշ է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։ Եթե համապատասխան կանխարգելիչ  և բուժման միջոցառումներ չիրականացվեն, մինչև 2030 թ-ը  կունենանք մահվան շուրջ 23 միլիոն դեպք»։ 

Անդրեասյանի խոսքով, ՀՀ-ում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդությունները  զբաղեցնում են առաջին տեղը՝ 48․3 տոկոս․« Նախորդ տարվա համեմատ ունեցել ենք մահացության թվերի նվազում ՝ 525 դեպքով։ Մինչև 2019 թ-ը  ունեինք թվերի նվազման միտում, բայց 2020-21 թթ-ի իրադարձությունների հետևանքով  ունեցանք ցուցանիշի մի փոքր աճ»- Անդրեասյանի խոսքով՝ 2021-ին հիվանդությունից մահացության ցուցանիշը կազմել է 16․589 դեպք,2020-ին՝ 17․ 114 դեպք։ 

Մասնագետն ընդգծում է, որ մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, կանանց համեմատությամբ, այս հիվանդությամբ  մահացությունը զգալիորեն բարձր է՝ շուրջ 2 անգամ․ « Սա խոսում է այն մասին, որ  մինչև 70 տարեկան տղամարդիկ, առավել ևս 35-65 տարիքային խումբը ռիսկային է»։

  • Կիսվել: