2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է. Փաշինյան
2018 թվականից սոցիալական և ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվն էականորեն կրճատվել է: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում, անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերի վերանայման հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում՝ մոտավորապես 30 հազար ընտանիքով կրճատվել է. իհարկե, դա կապված է աշխատատեղերի թվի աճի հետ։ Հայաստանում աշխատատեղերի նոր թիվը հոկտեմբեր ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է սահմանել. եթե չեմ սխալվում 749 հազար աշխատատեղ կա՝ աշխատավարձով ապահովված»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է փոփոխված ծրագրին՝ այն գործելու է 2025 թվականի հունվարի մեկից։ «Մենք պիլոտային դա կկիրառենք երկու մարզում. հնարավոր է՝ Սյունիքի և Կոտայքի մարզում։ Ըստ վիճակագրության՝ Սյունիքի մարզն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և ենթադրվում է, որ այդ առումով հարմար է. նախնական լարվածությունն ավելի քիչ կլինի։ Գաղափարն այն է, որ մենք աղքատության գնահատման համակարգը փոխենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։