չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
175 մլն 360 հազար դրամ կհատկացվի միջազգային աճուրդից հայկական բացառիկ մշակութային արժեք ձեռք բերելու համար

175 մլն 360 հազար դրամ կհատկացվի միջազգային աճուրդից հայկական բացառիկ մշակութային արժեք ձեռք բերելու համար

Պահուստային ֆոնդից 175 մլն 360 հազար դրամ է հատկացվում, որպեսզի Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքը, որը 1188 թվականին պատրաստված և քանդակված՝ եկեղեցու փայտյա դռան փեղկ է, ձեռք բերվի և Հայաստան տեղափոխվի: Այդ մասին Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով չզեկուցվող հարցերից մեկը:

«Այն փորագրությունները, զարդանախշային այն համակարգը, որ կարող ենք տեսնել, ցույց է տալիս, որ սա եզակի նմուշ է: Ընդ որում՝ այդ զարդանախշային համակարգի տիպաբանությունը լիովին համահունչ է հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին:

Մինչև 1990-ական թվականները մեզ հայտնի էր միայն 8 նման կտորի մասին [տեղեկություն], և փայտի փորագրության նմուշները բացառիկ են: Այս պարագայում խոսում ենք մի նմուշի մասին՝ այդ 8-ից մեկի, որը շրջանառության մեջ է դրվել 1980-ականների վերջերին և գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում:

ԿԳՄՍՆ-ն այժմ իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ, և մեզ հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք մեր ժառանգության կարևոր մասն են, փորձում ենք ձեռք բերել:

Բոլորովին վերջերս Արշիլ Գորկու մի կտավ ենք ձեռք բերել, որը շուտով կլինի Հայաստանում. այդ աշխատանքի ժամանակ ենք նկատել այս փեղկը: Սա հին հայկական եկեղեցիների մուտքի համար օգտագործված փեղկ է՝ Բագրատունյաց շրջանին բնորոշ: Իրականացվել են նաև համապատասխան ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք վկայում են նրա տարիքի մասին: Կան նաև հրապարակված հոդվածներ, որոնք վկայում են դռան մշակութային նշանակության մասին: Նաև գործուղել էինք մասնագետ, որը տեղում համոզվել է, որ այն, ինչ ձեռք ենք բերում, բացառիկ նշանակություն ունի:

Նախատեսում ենք, որ փեղկը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հիշեցրեց, որ նախորդող շրջանում Կառավարությունը Մատենադարանի համար երկու բացառիկ Աստվածաշունչ է ձեռք բերել:

  • Կիսվել: