ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
12-րդ դասարանցիների պարզաբանումներն ավարտվել են ծեծկռտուքով, հայհոյողին դանակահարել են

12-րդ դասարանցիների պարզաբանումներն ավարտվել են ծեծկռտուքով, հայհոյողին դանակահարել են

Ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին: Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ, տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Քրեական վարույթի շրջանակներում Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ, որոնց արդյունքում կարողացան հնարավորինս ամբողջացնել կատարվածի պատկերը:

Ապրիլի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, Դսեղ գյուղի հիվանդանոցի մոտ էին հավաքվել տուժած երիտասարդը, 12-րդ դասարանցի եղբայրը և նրա հասակակից ևս երկու պատանի: Պարզաբանումներն ավարտվել էին ծեծկռտուքով, ինչին հետևել էին ավագ եղբոր հայհոյանքները, և վրդովված պատանիներից մեկը գաղտնի փականով դանակի հարվածներ էր հասցրել հայհոյողին:

Դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: