Ընտրությունների օրը քաղաքական դրդապատճառով քանի՞ հանցագործություն է եղել. փոխնախարարը պարզաբանում է
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանի կարծիքով՝ հունիսի 7-ին արձանագրվել են արդար, ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքին և արդյունքներին։
Մկրտչյանն ընդգծեց, որ Ներքին գործերի նախարարությունում և մասնավորապես ոստիկանությունում ձևավորվել են շտաբեր, պատշաճ հասարակական կարգ ու կանոն է ապահովվել բոլոր ընտրատեղամասերում։
«Հունիսի 7-ին արձանագրել ենք արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Իհարկե, իրականացվել է նաև մշտադիտարկում՝ իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից։ Արձանագրել ենք մի շարք դեպքեր, որոնց մի մասը ստուգման փուլում են և հնարավոր ծեծի, խուլիգանության դեպքերը արձանագրվել են և հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմին։ Ես այս պահին այդպիսի որակումներ չէի տա, որ դրանք քաղաքական են կամ քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում և ընտրության հետ կապված դեպքերն արձանագրվել են։ Մի մասն ուղարկվել է քննչական կոմիտե, ինչի մասին մենք երեքժամյա պարբերականությամբ հայտարարել ենք, և մի մասն էլ ստուգվում է, որոնք կամ կհերքվեն, կամ նույնպես կներկայացվեն քննչական մարմնին»,-շեշտեց ՆԳ փոխնախարարը։
Արմեն Մկրտչյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե քանի գործ է հարուցվել, բայց կարող է նշել, որ շուրջ 100 դեպք ՆԳՆ-ի կողմից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ այլ աղբյուրներից ՀՀ քննչական կոմիտեն ևս ստացած լինի հաղորդումներ, և արդեն հարուցված վարույթների թիվը կարելի է հստակ ճշգրտել Կոմիտեից։
Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, թե խախտումներ, հարձակումներ են լինում քաղաքացիների վրա իշխանության համակիրների կողմից, ոստիկանությունը չի արձագանքում նույն օպերատիվությամբ՝ փոխնախարարը կարծիք հայտնեց, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել և ընտրական պրոցեսների, և հնարավոր իրավախախտումների մշտադիտարկման տեսանկյունից։
«Կարող է՝ ես բոլոր դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն Ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել և ներկայացվել են Քննչական կոմիտե և համապատասխանաբար քննություն է լինելու»,-ասաց փոխնախարարը։
Նա հնարավոր համարեց, որ ընտրական ցուցակների հետ կապված թերություններ լինեն, բայց վստահեցրեց, որ դրանք էական չեն։
«Դրանք և՛ պարզաբանվել են, և՛ ընտրության օրը պարզաբանումներ տրվել են, օպերատիվ աշխատել է նաև Միգրացիա և քաղաքացիության ծառայությունը։ Ընդ որում, եթե կան նաև էլի պարզվող և պարզաբանվող հարցեր, բավականին թափանցիկ պրոցեսում կարելի է դրանք տալ պատկան մարմիններին և ստանալ պատասխաններ»,-շեշտեց Մկրտչյանը։



