երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ընտանիքներն առաջինն են, որոնք ստանում և տառապում են այս բոլոր տեսանյութերը դիտելիս. Զառա Ամատունի

Ընտանիքներն առաջինն են, որոնք ստանում և տառապում են այս բոլոր տեսանյութերը դիտելիս. Զառա Ամատունի

Այս հարցը ես ավելի շատ կուղղեի հանրությանը, ոչ թե Կարմի խաչի միջազգային կոմիտեին, թեև մենք շատ անհանգստացած ենք առհասարակ ապատեղեկատվություն տարածման հարցերով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին անդրադառնալով համացանցում տարածվող այն տեսանյութերին, որոնք ադրբեջանական կողմ է տարածում և որոնցում երևում է, թե ինչպես են սպանում հայ գերիներին:

«Ընտանիքներն առաջինն են, որոնք ստանում են և տառապում են այս բոլոր տեսանյութերը դիտելիս: Դրանից բացի՝ որ արդեն նրանք տառապում են, որ նրանց հարազատները կա՛մ անհայտ կորել են, կա՛մ գերեվարվել են, կա՛մ՝ սպանվել: Այստեղ մեր հանրությունը նույնպես դեր ունի, որպեսզի չհրապարակի այդ նյութերն այնքան, ինչքան հնարավոր է, որովհետև այդ նյութերը պետք է գտնվեն անմիջապես այն պատկան մարմինների ձեռքերում, որոնք կարող են դրա հետ կապված ինչ-որ գործողություններ նախաձեռնել: Սակայն հանրությունը, հատկապես սոցցանցերը, լրատվամիջոցները, որոնք որոշում են կայացնում նման տեսանյութերը տարածել՝ այստեղ դեր ունեն»,- նշեց Զառա Ամատունին:

Նրա խոսքով, Կարմիր խաչը որպես կազմակերպություն մշտապես տարբեր հարթակներում խոսում է այն մասին, որ ինչքան հնարավոր է փորձեն նման տեսակի ծանր տեսանյութերի տարածումը սահմանափակել՝ առաջին հերթին մտածելով իրենց ընտանիքների և հարազատների զգացմունքների մասին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավարի խոսքով, չպե՛տք է տարածել գերիների մասին տեսանյութերը «դրանք դժվարացնում են մեր աշխատանքը»։

  • Կիսվել: