Ընթացիկ տարում նվազել է ինչպես ՃՏՊ-ների, այնպես էլ վիրավորների թիվը. ՆԳ նախարար
Ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների, այնպես էլ վիրավորների թիվը։ «ՀՀ-ում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Վերլուծելով նախկին տարիների ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, պետք է փաստել, որ դրանց նպաստել է նաև հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների զգալի աճը:
Հատկանշական է, որ տրանսպորտային միջոցների տարեցտարի շեշտակի ավելացման պայմաններում 2014-2018 թվականների համեմատությամբ արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի կամ վիրավորների թիվը ոչ միայն համադրելի է հաշվետու ժամանակահատվածի թվի հետ, այլ որոշ դեպքերում դրանք անգամ նվազել են:
Օրինակ՝ եթե 2015 թվականին հանրապետությունում հաշվառված է եղել շուրջ 560 հազար տրանսպորտային միջոց և նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի աճ` 49-ով (297-346), ապա 2022 թվականին, ունենալով շուրջ 890.000 տրանսպորտային միջոց, արձանագրվել է զոհերի նվազում 47-ով (368-321), իսկ 2024 թվականին հաշվառված շուրջ 935 հազար տրանսպորտային միջոցի պարագայում, արդեն 8 ամսվա դրությամբ արձանագրվել է զոհերի նվազում՝ 35-ով (245-210):
Առհասարակ, ընթացիկ տարում 325-ով նվազել է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների (2.978-2.653), այնպես էլ 380-ով վիրավորների թիվը (4.232-3.852)»,-ասաց Ղազարյանը։
ՆԳ նախարարը արձանագրեց, որ ոստիկանության պատասխանատու ստորաբաժանումների կողմից կատարվում են բնակավայրերի և ճանապարհների երթևեկության կազմակերպման վիճակի ուսումնասիրություններ՝ ելնելով ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերից (սև կետեր) և երթևեկության ինտենսիվությունից:
«Երևան քաղաքում փողոցների և խաչմերուկների թողունակությունը բարձրացնելու, հոսքերի հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով` ոստիկանության առաջարկությամբ փոփոխություններ են կատարվել մի շարք խաչմերուկներում և փողոցներում, ինչը ևս նպաստել է վթարայնության մակարդակի նվազեցմանը»,-եզրափակեց Վահե Ղազարյանը։