Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է. փաստաբան
Արմավիրի մարզի դատարանը Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել է։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ կայացվել է ապօրինի որոշում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։
Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Իր հերթին Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը:


