Տավուշի ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի․ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս
Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացնելիս սեպտեմբերի 23-ին մեկնեցին Հովք գյուղի վարչական տարածք։ Հողի շերտը հեռացնելով երկաթե խողովակներ գողանալիս քրեական ոստիկանները ձերբակալեցին ու վարչություն տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի երեք բնակչի։ Տարածքը, որտեղ աշխատում էր երկու տրակտոր, վերցվեց հսկողության։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տվյալների՝ հատուկ տեխնիկայով հեռացվել է մոտ 450 մետր հողի շերտ և զոդման միջոցով հանվել 70 սմ տրամագծով ավելի քան 300 մետր երկաթե խողովակ։ Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։Հանգամանքները պարզվում են։



