երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը. ՄԻՊ

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
 
«Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։
 
Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։
 
Նշենք, որ 2024 թվականի հունիսի 10-ի Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել էր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման առնչությամբ բացարձակ արգելքի սահմանումը՝ տարիքի հիմքով։ Հարկ է նկատել, որ Պաշտպանի կողմից վիճարկված դրույթներում դեռևս 2024 թվականի հուլիսի 12-ին կատարվել էին որոշակի փոփոխություններ՝ սահմանելով տարիքային այլ շեմ, որոնք Պաշտպանը ևս խնդրահարցույց էր համարել Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից՝ կրկին պայմանավորված տարիքի հիմքով բացարձակ արգելքի սահմանմամբ։
 
Այս կապակցությամբ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ տարիքով պայմանավորված՝ վերարտադրողականության վրա ազդող հնարավոր ֆիզիոլոգիական փոփոխություններն իրենց բնույթով բացարձակ և անվերապահ չեն, հետևաբար բոլորին բնորոշ չեն և յուրաքանչյուր դեպքում ենթակա են մասնագիտական առանձին գնահատման:
 
Այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ մարդուն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակումը՝ որպես միջամտություն մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքին, չի հետապնդում սահմանադրաչափ նպատակ, հետևաբար՝ չի համապատասխանում Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված՝ իրավասահմանափակման համաչափության սկզբունքին:
 
Ավելին, Սահմանադրական դատարանը, նկատի առնելով, որ բարձր տարիքի անձինք, ինչպիսիք նշված են վիճարկվող օրինադրույթներում, ընդհանուր առմամբ, ավելի խոցելի են ներքին տարաբնույթ ֆիզիոլոգիական գործընթացների և ախտաբանական երևույթների հանդեպ,նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերարտադրողականության համար
դիմելիս բարձր տարիքային խմբի անձանց նկատմամբ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերվի՝ հնարավորինս բացառելու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների միջոցով բեղմնավորմամբ պայմանավորված՝ նրանց կյանքին, առողջությանը և պտղի բնականոն զարգացմանն սպառնացող վտանգները՝ միաժամանակ չհանգեցնելով տարիքի հիմքով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բացարձակ արգելքի»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: