ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սաշիկ Սարգսյանն ասաց՝ Հայկոն հանկարծակի Դավիթի ոտքին ա կրակել, վերցրու վրադ. Հայկ Սագսյանի գործով վկայի հայտարարությունը

Սաշիկ Սարգսյանն ասաց՝ Հայկոն հանկարծակի Դավիթի ոտքին ա կրակել, վերցրու վրադ. Հայկ Սագսյանի գործով վկայի հայտարարությունը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Ոպես գործով վկա՝ նիստին հարցաքննվել է Արթուր Ղևոնդյանը։ 

Նա հանդես եկավ հայտարարությամբ՝ պնդելով, որ «Ալեքսանդր Սարգսյանը ստիպել է իր վրա վերցնել Դավիթ Սիմոնյանին կրակելու մեղքը»։

Վկան, մասնավորապես, ասաց. «2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 7։30-ի սահմաններում, Նարեկն է (խմբ.՝ Նարեկ Սարգսյանը) ինձ զանգահարում, թե բա իջի, շեֆն ինչ ասի, ասա՝ հա, ասեցի՝ լավ։ Իջա ներքև, Սաշիկ Սարգսյանն ասաց՝ Հայկոն հանկարծակի Դավիթի (Ճլեի) ոտքին ա կրակել, վերցրու վրեդ, սաղ լավ ա լինելու, ոչ մի բանի մասին մի մտածի։ Սկզբից ասեցի՝ չէ, հետո Նարեկն ասեց՝ իջի ներքև՝ իրենց նկուղ՝ ախրանայի տեղը, իջա՝ հայհոյանքներ իմ հասցեին, ասաց՝ 2 տռուպ կբարձենք վրեդ, ցմահ կնստես, հետո Սաշիկ Սարգսյանը եկավ, դիտողություն արեց, թե՝ ի՞նչ ես անում, ինձ էլ խփեց՝ բա լավ ա լինելու, հանգստացի, ոչ թե որ ինձ վնասի» ։

Նա նշեց նաև, որ ոստիկանությունում քննիչն ինչ թելադրել է, ինքը գրել է և, առանց կարդալու, տակը ստորագրել. «Արթուր Սիմոնյանն էլ էր այնտեղ, հարցրեցի՝ ոտին շա՞տ բան ա եղել, ասեց՝ ոտին չէ, Հայկոն հանկարծակի փորին ա կրակել»։

Ղևոնդյանն ասաց, որ Դավիթ Սիմոնյանը ապաքինվելուց հետո ոչ մի բողոք չի ունեցել, քանի որ նրան ապահովել էին մեքենայով և նշանակել ինչ-որ առողջարանի տնօրեն․ «Հետո ապաքինվել է Դավիթ Սիմոնյանը, գործը կարճեցին, հայրս ինձ շուտ ուղարկել է Սանկտ Պետերբուրգ։ Հետո որոշ ժամանակ անց գալիս եմ, Դավիթ Սիմոնյանին հարցնում եմ՝ բա ի՞նչ կա, ո՞նց ա եղել, ասում ա՝ հանկարծակի ա եղել, ինքն էլ՝ լավ, առողջարանի տնօրեն էին նշանակել, անձնական մեքենա էին տվել, իր համար ապրում էր, ոչ մի բանից չէր բողոքում, փողերի մեջ, Դուբայում հանգստանում էր»։

Վկան նշեց նաև, որ Ալեքսանդր Սարգսյանի հետ կոնֆլիկտից և հեղափոխությունից հետո գործ են բացել Հայկ Սարգսյանի մասով: «Իսկ 2017 թվականին կոնֆլիկտ է լինում Սաշիկ Սարգսյանի հետ, հեռացնում են աշխատանքից, որոշ ժամանակ անց սկսում է թմրանյութերի բիզնեսով զբաղվել։ Իսկ հեղափոխությունից հետո գործը բացում է Հայկ Սարգսյանի վրա»,-ասաց նա և վստահեցրեց, որ Հայկ Սարգսյանի մոտ միշտ ատրճանակ է եղել:

Դատախազը միջնորդեց նախաքննական ցուցմունքը հրապարակելու համար, քանի որ վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում հակասություններ կային: Նախաքննական ցուցմունքում նա նշել էր, որ Ալեսքանդր Սարգսյանն է իրեն սպառնացել, որ իր վրա վերցնի գործը, իսկ դատարանում նույնը չպնդեց:

Հիշեցնենք, որ 2007 թ. ապրիլի 1-ին երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա․ Ղեւոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով եւ հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը: Եվ, նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության եւ հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլ Հ. Սարգսյանը:

  • Կիսվել: