ՔՊ-ն արտակարգ ռեժիմով ընդունեց խաղային բիզնեսը լրացուցիչ 10 % շրջանառության հարկով հարկելու նախագիծը
ԱԺ ՔՊ խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ընդունած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում և «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-269-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Մյուս քվեարկությամբ ՔՊ-մ որոշաեցօչենքն ընդունել հատուկ ռեժիմով։
Նախագծով առաջարկվում է խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեությունը առկա հարկերից և տուրքերից բացի հարկել ևս 10 % շրջանառության հարկով:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.
«Վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիրտուալ մոլեխաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության շրջանառության ծավալները: Եթե 2010 թվականին ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալները կազմում էին շուրջ 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար), ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (15.8 միլիարդ դոլարի): Մինչդեռ հավաքագրվող հարկերը և տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ:
2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով:
2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով:
Շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ:
Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի ոլորտը հարկել 10 % շրջանառության հարկով:
Վերլուծելով միջազգային փորձը տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար սահմանված է 10 տոկոս և ավելի բարձր շրջանառության հարկ, մասնավորապես՝ Վրաստանում 10% շրջանառության հարկ է սահմանված, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5%-ից 20%, Իտալիայում՝ 20%-ից 22%, Լեհաստանւմ՝ 12%, Պորտուգալիայում՝ 8%-ից 16%, Ֆրանսիայում՝ 8%-ից 10%, Հունգարիայում՝ 15%»:
Հավելենք, որ փորձագիտական ոլորտում կարծիք կա, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն ոլորտից փոքր ընկերությունների դուրսմղմանը։