ՔԿԱԳ ծառայությունները ամբողջությամբ թվայնացվել են, քաղաքացիները կարող են օգտվել առցանց․ Գալյան
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության կողմից մատուցվող ծառայությունները ամբողջությամբ թվայնացվել են։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ թվայնացման արդյունքում քաղաքացիները հնարավորություն ունեն առանց տանից դուրս գալու, հեռախոսի կամ այլ սարքի միջոցով օգտվել ՔԿԱԳ-ի հիմնական ծառայություններից՝ նույնականանալով «esem» համակարգի միջոցով։
«ՔԿԱԳ գործակալությունն իրականացնում է այնպիսի ծառայություններ, որոնք վերաբերում են գրեթե բոլոր քաղաքացիներին՝ ամուսնության, ամուսնալուծության, հայրության ճանաչման, երեխայի ծննդի գրանցման, ինչպես նաև անվանափոխության գործընթացներ։ Այս բոլոր ծառայություններից քաղաքացիներն այժմ կարող են օգտվել օնլայն եղանակով»,– նշեց Սրբուհի Գալյանը։
Նրա տեղեկացմամբ՝ էլեկտրոնային համակարգը գործարկվել է վերջերս, և թեև դեռևս լայնածավալ իրազեկման արշավ չի իրականացվել, արդեն իսկ արձանագրվել են առցանց գրանցումների կոնկրետ թվեր։
«Այս պահին ունենք ամուսնության 173 օնլայն գրանցում, երեխայի ծննդի՝ 66 առցանց գրանցում, հայրության ճանաչման՝ 3 դեպք, անվանափոխության՝ 2 առցանց դիմում, ինչպես նաև ամուսնալուծության գրանցումներ, որոնք թվով քիչ են»,– ասաց նախարարը։


