Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հունիսի 4-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Խորհրդակցությանը մասնակցել է ՆԳ նախարարության, ենթակա ծառայությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։
«Քննարկման առանցքում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում ծառայությունների աշխատանքի կազմակերպման և նախարարության համակարգման ներքո գտնվող գործառույթների իրականացման վերաբերյալ հարցերն էին։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ծառայությունների կատարած աշխատանքը՝ առանձնացնելով նախընտրական քարոզարշավի շրջանում Ոստիկանության կողմից հասարակական կարգի և անվտանգության ապահովումը, բացահայտված մի քանի տասնյակ ընտրական հանցագործությունների դեպքերը, ինչպես նաև ընտրողների ցուցակների ձևավորման և ճշգրտման աշխատանքները։
Նախարարը նշել է, որ Ոստիկանության գործողությունների միակ չափանիշը պետք է լինի օրենքը և ընդգծել, որ ծառայողներն այդ սկզբունքով են առաջնորդվել նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում։
«Ընտրությունների տրամաբանության մեջ մեր բոլորի ջանքն ուղղված է հերթական անգամ ունենալու ազատ և արդար ընտրություններ։ Մեր քաղաքացին պետք է ազատ ընտրություն կատարի, և մենք պետք է շարունակենք ամեն ինչ անել, որ ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն հանդիպի ձեր սկզբունքային և օպերատիվ արձագանքին։ Ցանկացած հարց կամ դեպք, ինչը կազդի քաղաքացու ընտրական իրավունքի վրա, անմիջապես պետք է արձագանք ստանա,- ընդգծել է Արփինե Սարգսյանը։
Նախարարն ընդգծել է հատկապես՝ քվեարկության օրը, նույն հետևողականությամբ ծառայության պատշաճ կազմակերպումն ու իրականացումը։
Նախարար Սարգսյանը կարևորել է ղեկավար կազմի անձնական պատասխանատվությունը՝ իրենց անձնակազմերի ծառայողական պարտականությունների իրավաչափ և պրոֆեսիոնալ կատարման գործում։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՆԳ նախարարությունն իր մանդատի շրջանակում արել է առավելագույնը՝ բոլոր քաղաքական ուժերի համար ապահովելով պատշաճ և հավասար պայմաններ։
Նա նշել է, որ Ոստիկանության համար վերապահումներ չկան․ ծառայությունը պետք է շարունակի բոլոր ուղղություններով պատշաճ աշխատանքը, ցանկացած իրավախախտման դեպքում՝ անկախ դերակատարներից, ազդեցության շրջանակից, կապերից կամ այլ հանգամանքներից առաջնորդվի գործառութային պարտականություններով։
Խորհրդակցության ընթացքում ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել են կոնկրետ ուղղություններով կատարված աշխատանքները։
Քվեարկության օրը ընտրական գործընթացի բնականոն ընթացքի ապահովման նպատակով ընտրական 1997 տեղամասերում կիրականացվի հասարակական կարգի պահպանություն։ Արդեն իսկ իրականացվել են ընտրողների ռեգիստրի վարման և ընտրացուցակների կազմման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ։ Ընտրատեղամասը փոխելու վերաբերյալ ստացվել է ավելի քան 36 հազար դիմում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ ծառայությունը, կհավաքագրվեն ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված տեղեկությունները, կսպասարկվեն ահազանգերը, և մեկ կետից կիրականացվի տեղեկատվության օպերատիվ փոխանակում, կապահովվի պատշաճ հանրային հաղորդակցություն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մի շարք ուղղություններով տվել է հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


