շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ-ում 60 միլիոն դրամի չարաշահում է եղել, զինվորական ու մասնավոր տնտեսվարող է ձերբակալվել. Ռոմանոս Պետրոսյան

ՊՆ-ում 60 միլիոն դրամի չարաշահում է եղել, զինվորական ու մասնավոր տնտեսվարող է ձերբակալվել. Ռոմանոս Պետրոսյան

Պետական կառավարման համակարգում գործող բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են իրենց աշխատանքից, մեր ուսումնասիրությունների արդյունքում նախաձեռնված քրվարույթների շրջանակներում ներգրավվել են տաբեր կարգավիճակներով, այս պահին սպասում ենք գործերի՝ դատարան հասնելուն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Քանի դեռ դատավճիռներ չկան, քանի դեռ մարդկանց մեղքը ապացուցված չէ դատարանով, ես կոռեկտ չեմ համարում այս կարգավիճակում հնչեցնել անուններ, բայց լրատվականներում կարող եք այդ անունները կարդալ»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Անդրադառնալով ՊՆ-ում արված ուսումնասիրություններին՝ Պետրոսյանն ասաց․ «ՊՆ-ի մասով մի քանի ուղղությամբ մեր վերահսկողական գործառույթները վարչապետի հանձնարարությամբ իրականացվում են պերմանենտ ռեժիմով, այսինքն՝ մենք անընդհատ ուղեկցում ենք այդ գործընթացները ՊՆ-ում, այդ թվում՝ որոշակի գնման գործընթացներ, պարենավորման արտապատվիրակման գործընթացներ։ Վերջին 2 շաբաթ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց՝ յուղերի, քսայուղերի հետ կապված շուրջ 60 միլիոն դրամի չարաշահումների մասով, որը մեր ուսումասիրություների տվյալների հիման վրա էր վարույթը նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում, նույնիսկ 6 ձերբակալվածներ կան, այդ թվում՝ մասնավոր տնտեսվարող եւ զինվորականներ»։

Նա անդրադարձավ նաեւ Առողջապահության նախարարությունում արվող ուսումնասիրություններին եւ նշեց․ «Առողջապահության նախարարության մասով, շուրջ 600 միլիոն դրամի պետպատվերի միջոցները վերականգնվել են պետբյուջե մեր ուսումնասիրությունների արդյունքներում։ Դրանք այն միջոցներն են, որոնք թե՛ մասնավոր ԲԿ-ներին, եւ թե՛ պետական ԲԿ-ներին պետբյուջեից տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում որոշակի սոցիալական խմբերի շահառուներին անհետաձգել բժշկական օգնություն կամ հիմնական բուժական միջոցառումները կազմակերպելու եւ փոխհատուցելու համար»։

Ռոմանոս Պետրոսյանն անդրադառնալով արցախահայությանն ուղղված օգնության գումարների առնչությամբ վերահսկողական գործառույթ ունենալուն՝ նշեց․ «Մեր ծառայությունը մշտադիտարկում է բացել թե՛ մարզպետարանների գծով տրամադրված միջոցների, այդ միջոցների հանրագումարը շուրջ 3,9 մլրդ դրամ է։ Սոցապ նախարարության տարբեր ծրագրերի շրջանակներով այդ ծավալը 10 մլրդից ավելին է․ այդտեղ ներառված չէ 100 հազարականները, 40+10 հազարականները»։

  • Կիսվել: