Պետությունն ընդունել է օրենք՝ ասելով,որ չի ուզում, որ դուք օրինականացնեք ինքնակամ կառույցները․Արփինե Հովհաննիսյան
Ինքնակամ կառույցների օրինականացման երկարաձգմանը վերաբերող օրենքը 2026 թվականի հուլիսի 18-ից մտել է ուժի մեջ։ Օրենսդրական այս նախաձեռնությանը վերաբերող իր դիտարկումներն է ներկայացրել Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, իր էջում հրապարակած տեսանյութում նշել է, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները ու իրավաբանական անձինք իրենց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում ամբողջությամբ կառուցված ինքնակամ կառույցների համար կարող են դիմել և դրանք օրինականացնել։
«Այսինքն, կադաստր՝ սկզբում հաշվառման համար, հետո տարածքային կառավարման նախարարություն ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կառավարության սահմանած կարգով կառավարության ցանկում ընդգրկվեն։Խոսքը վերաբերում է, եթե նախկինում՝ մինչև 2021 թվականի վերջը, կառուցված շինություններին։ Հիմա դա տարածվում է նաև 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցներին։ Կանոննը նույնն է՝ պետք է սեփականության իրավունքով պատկանի քաղաքացուն կամ իրավաբանական անձինք տվյալ հողամասը և պետք է ամբողջությամբ ինքնակամ լինի տվյալ կառուցված շինությունը»,- ասաց Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ իրավաբանը պարզաբանեց, թե որ դեպքերին չի վերաբերում այս օրենքը և ինչ խնդիրներ է տեսնում։
«Այն պետական տուրքերը, որոնք օրինականացման համար նախատեսվել են այս օրենսդրական փոփոխություններով, սկզբունքորեն դե ֆակտո հողի վրա ի չիք են դարձնում դրա հնարավորությունը, որովհետև Երևանում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում ու Կոտայքում, որպեսզի անձը օրինականացնի իրեն պատկանող հողամասում կառուցված ինքնակամ որևէ շինություն, շենք, անկախ նրանից,դա շենք է, թե ինչոր փոքր շինություն, պետք է վճարի 100 միլիոն դրամ, գումարած եռապատիկը այն տուրքերի, որոնք նախատեսված են շինթույլտվության համար ու ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար։ Եթե իմ նշած տարածքներից դուրս է գտնվում, օրինակ՝ Սյունիքում, չգիտեմ, Վայոց ձորում և այլն, ապա պետք է վճարի նույն տուրքերի եռապատիկը և 50 միլիոն դրամ։ Ովքե՞ր են այն մարդիկ, ովքեր կօգտվեն այս հնարավորությունից, շատ հետաքրքիր է,հետագայում կհասկանանք՝ քանի տասնյակ մարդ իրականում այս աստղաբաշխական թվերի դեպքում օգտվեց այդ հնարավորությունից։ Դե ֆակտո պետությունն ընդունել է օրենք, ասելով՝ ես չեմ ուզում, որ դուք օրինականացնեք ինքնակամ կառույցները»։



