շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն գործունեությունը

ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն գործունեությունը

Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հունվարի 1-ից նախաքննության երկու մարմին ունենալու օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի նախաքննություն կիրականացնեն միայն Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, իսկ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ փոփոխությունը կկատարվի փուլային սկզբունքով. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը կշարունակի գործել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, իսկ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Երկու քննչական մարմնի առկայության դեպքում գործերի անաչառ քննությունն ապահովելու համար, ի թիվս այլնի, նախատեսվել են լրացուցիչ երաշխիքներ՝ վերադաս դատախազի կողմից, իսկ բացառիկ դեպքերում, որպես վերջին միջոց՝ Գլխավոր դատախազի կողմից վարույթը մյուս մարմնին հանձնելու տեսքով:

Օրենքներում կատարվող փոփոխությունների շրջանակներում երաշխիքներ են նախատեսվել գործունեությունը դադարեցնող քննչական մարմինների քննիչների համար: Մասնավորապես՝ նրանց հնարավորություն է տրվել տեղափոխվել Քննչական կոմիտե, և այս պարագայում քննիչի պաշտոնում նրանց արդեն իսկ ունեցած աշխատանքային փորձը հաշվարկվելու է Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու փորձի հետ:

Կառավարության կողմից առաջարկվող այս մոդելի կիրառման պայմաններում նախատեսվում է ապահովել նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և աշխատանքի համակարգվածությունը:

  • Կիսվել: