Պաշտպանական բոլոր միջոցներից օգտվում ենք. Արա Բաբլոյանի փաստաբան
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Արամ Վարդևանյանն առայժմ չի բացահայտում՝ ինչ պաշտպանակլան գործողություններ են իրականացնում:
«Մեր գործողությունները կատարում ենք, մեզ օրենքով վերապահված բոլոր պաշտպանական միջոցներից օգտվում ենք և երբ որոշակի տեղաշարժ կլինի, նոր որոշումներ կընդունվեն, կտեղեկացնեմ: Այս պահին չեմ ուզում փակագծեր բացել», -PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածով առաջադրված մեղադրանքին՝ իշխանության յուրացում, Վարդևանյանն ասաց, որ նման նման հանցակազմ գործնականում չի կիրառվել:
«Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, ի տարբերություն 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգի տապալում), որոշ ելակետներ ունի, օրինակ դրանում նշված է, որ ենթադրյալ հակաօրինական արարքը պետք է լինի Սահմանադրության խախտման միջոցով կամ բռնությամբ: Այստեղ հարց է առաջանում՝ Սահմանադրության ո՞ր խախտման մասին է խոսքը: Եթե ՀՔԾ-ի հաղորդագրությունը ուսումնասիրել եք, այնտեղ ըստ էության խոսքը ԱԺ Կանոնակարգ օրենքի հետ կապված մեկնաբանությունների մասին է, դրանցից ո՞ր մեկն է Սահմանադրությունը:
Իրականում խնդիրը հետևյալն է ՝ արդյոք Սահմանադրությունը թո՞ւյլ էր տվել, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը լինի ՍԴ նախագահի փոփոխություն, այո, արդյոք թույլլատրվո՞ւմ էր, որ մինչ այդ ժամանակահատվածը, եթե մարդը ընտրվում էր ՍԴ նախագահ, օգտվի 2005-ի երաշխիքներից ու կարգավիճակից: Այո: Այլ հարց է, եթե դա Sահմանադրությամբ նախատեսված չլիներ ու այդպիսի գործընթաց իրականացվեր, այստեղ կարելի էր խոսել 300 հոդվածի մասին: Մինչդեռ այս պարագայում ամբողջությամբ Սահմանադրությանը համապատասխանող գործընթաց է իրականացվել:
Ի՞նչ խախտման մասին է խոսքը», -մեզ հետ զրույցում ասաց Վարդևանյանը: Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով՝ «իշխանության յուրացում» և 314 հոդվածի հատկանիշներով՝ «Պաշտոնեական կեղծիք»: