Նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի նկատմամբ կալանք է կիրառվել, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը
Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25–ի առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը:
Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, նաև տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։



