կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

Հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Պաշտպանի հանձնարարությամբ իրականացվում է արտակարգ ռեժիմով հերթապահություն՝ ընտրական գործընթացներին առնչվող մարդու իրավունքների հարցերով ստացվող բողոքների և ահազանգերի անհապաղ ընդունման, քննարկման, համապատասխան մարմիններին հասցեագրման և քաղաքացիների ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով։

Արտակարգ ռեժիմով գործում է նաև Պաշտպանի աշխատակազմի շուրջօրյա թեժ գիծը, որի միջոցով քաղաքացիներին տրամադրվում են խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն՝ իրենց ընտրական իրավունքների իրացման հետ կապված հարցերով։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են նաև զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում հրապարակվող՝ ընտրական գործընթացում մարդու իրավունքներին վերաբերող տեղեկությունները, որոնք ենթարկվում են մշտադիտարկման և ուսումնասիրության։

Ընտրական գործընթացում մարդու իրավունքներին առնչվող բողոքները, ահազանգերը և դիմումները քաղաքացիները կարող են ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի միջոցով՝ զանգահարելով 116 կամ (096) 116 100 հեռախոսահամարներով։  

  • Կիսվել: