ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ վարույթը կարճվել է

Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ վարույթը կարճվել է

Մեղրիի զորամասում տեղի ունեցած անհնազանդության գործով 16 զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը՝ կարճվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասսով նախատեսված հանցանք կատարելու համար մեղադրանք էր առաջադրվել 19 պարտադիր ժամկետային զինծառայողի։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր հրամանատարության հսկողությանը հանձնելը։ 13 զինծառայողի վերաբերյալ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն եւ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշումներ են կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։ Մեկ զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։ 4 պարտադիր ժամկետային զինծառայողի վերաբերյալ քրեական գործից անջատվել է գործ եւ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ ուղարկվել հսկող դատախազին։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի ամսին շուրջ 200 զինվոր լքել էր զորամասի տարածքը՝ չենթարկվելով սպայական անձնակազմի ցուցումներին։ Որոշ զինվորներ փորձել են խախտել զինվորական կանոնադրությունը՝ կրելով առանձին շորեր, որը թույլ չեն տվել սպաները։200 զինծառայող դուրս գալով զորամասի տարածքից եւ չենթարկվելով որեւէ հրամանի, միայն հրամանատարի եւ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հորդորներով վերադարձել զորամաս։

ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված 2 քրեական գործերը միացվել են այդ քրեական գործին, որի շրջանակներում ՀՀ ՔՕ-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնատար անձ հանդիսացող  2 սպայի. զորամասի հրամանատարին՝ գնդապետ Ռ. Սարգսյանին եւ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ջ. Մկրտչյանին։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Մեկ սպայի վերաբերյալ քրեական գործից անջատվել է մաս եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկել հսկող դատախազին։ Դատախազի կողմից որոշում է կայացվել մեկ սպայի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով։

Զորամասում կարգազանցության դեպքով դատարան է ուղարկվել մեկ քրեական գործ, որտեղ մեղադրվում են 4 պարտադիր ժամկետային զինծառայողն ու փոխգնդապետը։

  • Կիսվել: