շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել կանանց, ազգային փոքրամասնությունների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերին, ատելության խոսքի և կրոնական ազատությունների ապահովման խնդիրներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։

Պաշտպանը նաև ներկայացրել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովման, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերները։ Քննարկվել են նաև կալանքի կիրառման պրակտիկային, իրավահավասարության և հակախտրականության ապահովման, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտներին վերաբերող խնդիրներ։

Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է կրթական բարեփոխումների իրականացումը՝ բռնությունն ու անհավասարությունը վերարտադրող կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։

  • Կիսվել: