ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լևոն Սարգսյանը 40 օրով կալանավորվել է՝ մինչ նրան հանձնելու հարցը քննարկվի

Լևոն Սարգսյանը 40 օրով կալանավորվել է՝ մինչ նրան հանձնելու հարցը քննարկվի

ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:

Ինչպես PrimeNews.am-ին փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՌԴ-ում նոյեմբերի 21-ին Լևոն Սարգսյանը ձերբակալվել էր ՌԴ-ում: Նա Հանրապետական կուսակցության անդամ էր և երեք գումարումների խորհրդարանի պատգամավոր ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Նա եղել է Երևանի ալրաղացի գործարանի սկզբում բանվոր, հետո պահեստապետ, այնուհետև՝ փոխտնօրենը: 2002-ին արդեն եղել է գործարանի նախագահը: Հենց այստեղից էլ գալիս է նրա՝ «Ալրաղացի Լյովիկ» մականունը:

Լևոն Սարգսյանի նկատմամբ մեղադրանքները Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով առաջադրվեցին միայն 2018-ի ամռանը՝ իշխանափոխությունից հետո: Մինչ այդ նա համարվում էր իշխանությունների սիրելին ու նրան ներվում էր ամեն ինչ:

Դեռևս 2018-ի ամռանը ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Լևոն Սարգսյանը եղել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքի պատվիրատուն: Այդ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան, և 2011-ի մայիսին կայացված դատավճռով հանցավոր համագործակցության 10 անդամները դատապարտվել էին երկարատև՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկման։

Արդեն իշխանափոխությունից հետո Արթուր Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ի կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, որը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: