Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի` վարչական տույժ կիրառելու մասին որոշումից։
Ըստ որոշման՝ ԿԿՀ-ն հաստատել է, որ Սամվել Կարապետյանը` որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, սակայն չի ներկայացրել ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ էլ հանձնաժողովի լրացուցիչ գրավոր ծանուցումից հետո։
Դեռ մարտի 25-ին Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմել էր ԿԿՀ՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Կարապետյանի նկատմամբ երկարաձգված տնային կալանքը ներառում է կապի միջոցներից օգտվելու, նամակագրություն վարելու և նույնիսկ փոստային առաքանի ստանալու արգելք։ Ըստ պաշտպանի՝ այդ սահմանափակումները գործնականում անհնար էին դարձնում հայտարարագրի համար անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրումն ու լրացումը։
Հանձնաժողովը, սակայն, գտել է, որ հայտարարագիրը հնարավոր էր ներկայացնել լիազորված անձի, էլեկտրոնային համակարգի կամ թղթային եղանակի միջոցով, իսկ տնային կալանքն ինքնին չէր վերացնում այդ պարտականությունը։
Արդյունքում հանձնաժողովը Սամվել Կարապետյանի նկատմամբ նշանակել է 200 հազար դրամ վարչական տուգանք։



