երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիբերհանցագործությունների դինամիկան Հայաստանում

Կիբերհանցագործությունների դինամիկան Հայաստանում

2018 թվականին Հայաստանում գրանցվել է ինտերնետային խարդախության 167 դեպք, որոնցից բացահայտվել է 79-ը։ 2019 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում արդեն արձանագրվել է 178 դեպք և բացահայտվել՝ 91-ը ։ Այս մասին գրում է տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Խաբեության զոհ են դառնում հիմնականում 1960-ականներին և ավելի վաղ ծնված անձիք։ 

Հայաստանում կիբերհանցագործության հիմքով առաջին աղմկահարույց քրեական գործը եղել է 2012 թ-ին` ՌԴ քաղաքացի 31-ամյա Գեորգի Ավանեսովի դեմ, որը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Համաձայն այդ գործի՝ 2009-2010 թվականներին գտնվելով Հայաստանում՝ Ավանեսովին հաջողվել էր կոտրել հակավիրուսային ծրագրերի՝ «Կասպերսկու» համակարգը և վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով վարակել շուրջ 29 միլիոն համակարգիչ ողջ աշխարհում, որոնց մեջ պահվող տվյալները ապօրինի կերպով տնօրինելու հնարավորություն էր ունեցել: 

Ինտերնետային հանցագործությունների էպիկենտրոնում մայրաքաղաք Երևանն է, որտեղ 2018 թվականին գրանցվել է հանցագործության՝ 140 դեպք, որոնցից բացահայտվել են 64-ը։ Խոցելիությամբ հաջորդը Կոտայքի մարզն է, որտեղ գրանցվել է ինտերնետային չարագործության 6 դեպք՝ երեքը բացահայտված։ Արարատի և Վայոց Ձորի մարզերը նախորդ տարում միակն են եղել, որտեղ չի արձանագրվել ինտերնետային հանցագործություն։ 2019 թվականի տասն ամիսների ընթացքում Երևանում կիբերհանցագործության 113 դեպք է արձանագրվել, որոնցից այժմ բացահայտված են 60-ը։ Խոցելիությամբ հաջորդը Շիրակի մարզն է՝ 14 դեպքով, ապա Սյունիքը և Գեղարքունիքը՝ 9-ական և 8-ական դեպքերով։ Վայոց Ձորում արձանագրվել է 1 դեպք։ 

Ի տարբերություն ՀՀ ոստիկանության՝ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ մտնում է ոչ միայն կիբերհանցագործությունների բացահայտումը, այլև պետական տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովումը։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2017, 2018 և 2019 թվականների ընթացքում համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններով քննվել է հինգ քրեական գործ:

Հանցագործության առավել հաճախ հանդիպող տեսակներն են` հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը և վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելն ու տարածելը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: