կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար․ պաշտպան

Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի ՀՀ երրորդ նախագահի հասցեին արված արտահայտությունների համար․ պաշտպան

Մենք կարծում ենք, որ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար, կարծում ենք, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենք, և դատաքննության ընթացքում մեր իրավական հիմնավորումները կներկայացնենք։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստին հայտարարեց Սարգսյանի պաշտպաններից Վահագն Գրիգորյանը։

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանը հայտարարեց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատողական դատողություններ:

Ըստ Տոնոյանի՝ Սուքիասյանի հայտարարությունը չի կարող հանգեցնել պատասխանատվության, ինչի հիմքով էլ պաշտպանը խնդրեց դատարանին հայցը մերժել:

«Խաչատուր Սուքիասյանի արտահայտությունը Սերժ Սարգսյանին չի մեղադրում որևէ հանցանքի կամ զանցանքի կատարման մեջ»,-ասաց Աննա Տոնոյանը։

Սերժ Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը հայտարարեց, թե Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար: Գրիգորյանի դիտարկմամբ՝ Սուքիասյանի հայտարարությունների մի մասը հակասում է այն դիրքորոշմանը, որն այսօր ներկայացրեց նրա ներկայացուցիչը:

«Իր պատասխանում կան իրար հակասող մտքեր»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավն արատավորող հայտարարությունները։

 

  • Կիսվել: