կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Կառավարությունը Արցախի ԱԱԾ աշխատակիցներին հնարավորություն կտա աշխատել ՀՀ ԱԱԾ-ում

Կառավարությունը Արցախի ԱԱԾ աշխատակիցներին հնարավորություն կտա աշխատել ՀՀ ԱԱԾ-ում

Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել ՀՀ ԱԱԾ-ում, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շա­րու­նակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:

««Ազգային անվտանգության մարմիններում ծառ­այության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ Կառա­վարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթա­կետի և 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառում­ներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտ­պա­­նության տակ և ճանաչվել փախստական: Այդուհանդերձ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ նախկին ծառայողները ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում՝ որպես Ծառայությունում նոր ընդունվողներ»»,- ասվում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներկայացրած նախագծում։

ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող ան­ձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշ­տոն­ներ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղ­աքացի­ու­թյուն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար:

«Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:

Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները:

Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հնարավորություն նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար»,- ասվում է հիմնավորման մեջ։

  • Կիսվել: