Կանանց լիարժեք մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է. Անահիտ Մանասյան
Հունիսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես պատվավոր բանախոս, մասնակցել և ելույթ է ունեցել «Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» երրորդ ազգային գործողությունների ծրագրի «Ներդրում համաշխարհային խաղաղության մեջ» սկզբունքների իրականացումը գործնականում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երրորդ մասնակից Մանե Շաբոյանը, ով հետաքրքրված է մարդու իրավունքների պաշտպանությամբ և ակտիվորեն ներգրավված է տարբեր հասարակական նախաձեռնություններում։
Անահիտ Մանասյանն իր ելույթում կարևորել է կանանց ակտիվ և արդյունավետ ներգրավվածությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցությունը ժողովրդավարական և իրավական պետության կարևոր նախապայմաններից են։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջընթաց, մասնավորապես՝ ընտանեկան բռնության կանխարգելման, պաշտպանության մեխանիզմների զարգացման և տարբեր պետական համակարգերում կանանց ներգրավվածության աճի առումով, սակայն ոլորտում շարունակում են պահպանվել մի շարք համակարգային խնդիրներ։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերին՝ նշելով, որ դրանք ձևախեղված պատկերացումներ են փոխանցում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց սոցիալական դերերի առնչությամբ և խոչընդոտում իրավահավասարության լիարժեք ապահովմանը։
«Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել իրավահավասարության և խտրականության բացառման տեսանկյունից»,– նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել անվտանգության և պաշտպանության ոլորտներում կանանց մասնակցության ընդլայնման անհրաժեշտությանը՝ արձանագրելով, որ թեև վերջին տարիներին կանանց ներգրավվածությունն աճել է, հատկապես զինված ուժերում և իրավապահ համակարգերում, որոշումների կայացման մակարդակում նրանց ներկայացվածությունը դեռևս սահմանափակ է։
Պաշտպանը կարևորել է նաև ծառայության պայմանների շարունակական բարելավումը՝ ընդգծելով, որ իրական հավասարությունը ենթադրում է ոչ միայն հավասար վերաբերմունք, այլև այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հաշվի են առնում կանանց առանձնահատուկ կարիքները։
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն համատեղ և հետևողական աշխատանքի պայմաններում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել «Դեմոկրատիան այսօր» ՀԿ հիմնադիր և նախագահ, քննարկման մոդերատոր Գյուլնարա Շահինյանը, «Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ/WPS) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի» ղեկավար Կարինե Սուջայանը։
Հանդիպման շրջանակում անցկացվել են պանելային և ինտերակտիվ քննարկումներ՝ նվիրված «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի իրականացման առաջնահերթություններին, միջազգային փորձին և պաշտպանության ու անվտանգության ոլորտներում կանանց առաջնորդության ընդլայնմանը։
Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ղեկավար Սաթու Կոիվուն։
Միջոցառումը կազմակերպվել էր «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և «Ներառական անվտանգության և խաղաղության գերազանցության կենտրոնի» կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը 2» ծրագրի շրջանակում։



