հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ի տարբերություն ՀՀ մյուս նախկին նախագահների, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է գտնվում. Սեյրան Օհանյան

Ի տարբերություն ՀՀ մյուս նախկին նախագահների, Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է գտնվում. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը կողմ է, որ փոխվի ՀՀ 2-րդ նախագահ, նույն գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, և նա գրավով ազատ արձակվի:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Օհանյանը հայտարարեց, որ իրենք և Քոչարյանը անհավասար պայմաններում են գտնվում:

«Մեծ հարգանք տածելով դահլիճում նստած տուժողների ներկայացուցիչների նկատմամբ, պետք է ասեմ, որ այս հոդվածի քննության առարկան այլ է:

Այսօր այստեղ չի քննարկվում նրանց հարազատներին կորցնելու հանգամանքը: Այս քրեական գործը հենված է երեք նախագահների գործունեության վրա՝ մեկ նախագահը ընտրվել էր, երկրորդ նախագահը չէր ընտրվել, իսկ երրորդ նախագահը կարգուկանոն պետք է հաստատեր երկրում ու կառավարումը փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին:

Այս պայմաններում, հարգանք տածելով մյուս նախագահների նկատմամբ, գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է գտնվում, մանավանդ՝ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված տեղեկատվական մեծ իրադրությունը, որ կարծես թե բոլորը կողքից նայում, հրճվում են, թե ինչպիսի պայմաններում է գտնվում ՀՀ 2-րդ նախագահը», -հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը խոստանում է, որ չի խոչընդոտի քննությանը, չի խուսափի քննությունից, ուրեմն այդպես կվարվի, քանի որ իր կառավարման տարիներին նա ցույց է տվել՝ ինչ ուժեղ կամք ունի:

Ավելի վաղ PrimeNews.am-ը տեղեկացրել էր, որ փաստաբանները միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին: Ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:

  • Կիսվել: