շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հրդեհն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում

«Հրդեհն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում

Սևանի դատարանում այսօր՝ փետրվարի 9-ին, շարունակվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով հերթական դատական նիստը։

Գործով հարցաքննվեց տուժող Լևոն Խառատյանը, ինչից հետո դատարանում ցուցմունք տալու ցանկություն հայտնեց ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։

«Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը ներս է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դռան կողմը, դեպի վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ Ինքը 2 անգամ է մտել դուրս եկել, դրանից ինձնից շատ է այրվածք ստացել։

Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել, բայց էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի, որ լուսամուտի գոռում էին՝ տղերք պաժար է, դուրս եկեք, ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։ Եթե իմանայի իրենք դուրս չեն եկել, ես էլ դուրս չէի գա տնից։ Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտի դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ տեսել եմ, որ ճաղավանդակը ծռել են, Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա երրորդին փրկել»,- ներկայացրեց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին, գրում է news.am-ը:

  • Կիսվել: