Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը պատասխանել է ԱԱԾ-ի հայտարարությանը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը արձագանքել է ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրությանը։ Ամրամ Մակինյանը ՍԴ նախագահի փաստաբանական թիմի անունից հայտարարել է.
«Նախ ինքին տարակուսելի եւ իրավաչափության տեսանկյունից առնվազն կասկածելի է ստորաբաժանման ղեկավարի նշված գործողությունները, որոնք շրջանցելով «ուղիղ հեռախոսակապ» հաստատելու համար նախատեսված միջոցները, խախտել են տարիների ընթացքում պետական համակարգում ձեւավորված արարողակարգային ավագության վերաբերյալ կանոնները։
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը եւ ժամը համաձայնելուն ուղղված ստորաբաժանման ղեկավարի գործողություններին, ապա վերջիններիս ԱԱԾ հրավիրվելու օրը եւ ժամը համաձայնեցված է եղել բացառապես փաստաբանական թիմի ներկայացուցիչների հետ։
Հետեւաբար, նման պայմաններում իրավական տեսանկյունից կասկածելի ծագում ունեցող գործողությունների վերաբերյալ կրկնակի անգամ հաղորդագրության տարածումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ մանիպուլատիվ եղանակով ստվերել իրականացվող քաղաքական հետապնդումը՝ դրան տալով իրավական ընթացակարգի ձեւական տեսք»,- ։
Հիշեցնենք, այսօր ԱԱԾ լրատվական ծառայությունը հայտնել է, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։