ՀՀ ՄԻՊ-ը՝ երեխաների պաշտպանության թեմայով ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման բանախոս
Հունվարի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և, որպես բանախոս, հանդես է եկել «Երեխաներին առնչվող գերակայությունները Հայաստանում և ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցության 2026–2030 թթ.» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը՝ երեխաների իրավունքներին առնչվող առանցքային հարցերի քննարկման տեսանկյունից։
Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր և ՄԻՊ աշխատակազմի համար հանդիսանում է կարևոր ուղղություն՝ նշելով. «Երեխաների իրավունքները ոչ միայն ինքնին կարևոր են, այլև պետք է դիտարկվեն հավասարապես կարևոր մնացյալ բոլոր ոլորտների համատեքստում»։
Պաշտպանը կարևորել է նաև հանրային ընկալումների փոփոխության անհրաժեշտությունը՝ այս գործընթացում ընդգծելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի առանցքային դերակատարությունը։
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ողջ թիմին և անձամբ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին՝ ոլորտային խնդիրների հասցեավորման և լուծումների որոնման գործում ունեցած անձնական ներդրման համար։
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության կարևոր արդյունքներից մեկին՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը՝ այն գնահատելով որպես երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցության ապահովման և ոլորտային խնդիրների արդյունավետ հասցեավորման լավագույն փորձերից մեկը Հայաստանում։
Անահիտ Մանասյանը խոսել է նաև ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրների մասին, մասնավորապես, նախադպրոցական կրթության հասանելիության, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, արձագանքման և կանխարգելման, երեխաների անձնական տվյալների պաշտպանության, պարտադիր կրթությունից դուրս մնալու հետ կապված խնդիրների և դրանից բխող բացասական հետևանքների վերաբերյալ։ Միաժամանակ Պաշտպանն ընդգծել է, որ, չնայած պետական մարմինների կողմից իրականացվող քայլերին, ծրագրերին և օրենսդրական փոփոխություններին, ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։
Ամփոփելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը, Հայաստանում գործունեության ավարտի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին շնորհակալություն է հայտնել երկարամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով վերջինիս ոչ միայն բարձր մասնագիտական, այլև մարդկային արժանիքները։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումներին անդրադարձել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ինչպես նաև Պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նախկին անդամներ Գոհար Վերանյանն ու Մարիամ Տոնոյանը։
«Երեխաներին առնչվող գերակայությունները Հայաստանում և ՅՈՒՆԻՍԵՖի և ՀՀ կառավարության միջև համագործակցության 2026-2030թթ. ծրագիրը» ներկայացրել է Քրիսթինե Վայգանդը։ Նա իր եզրափակիչ խոսքում նաև շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար։


