ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հայցերի հիման վրա ձևավորվում է արբիտրաժային դատարանի տրիբունալ

ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հայցերի հիման վրա ձևավորվում է արբիտրաժային դատարանի տրիբունալ

Ադրբեջանն այս տարեսկզբին երկու միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ Էներգետիկ խարտիայի և Կենսաբազմազանության պաշտպանության Բեռնի կոնվենցիայի հիման վրա՝ ֆինանսական փոխհատուցում պահանջելով 1991-2020 թթ. ընթացքում իբր իր տարածքում էներգետիկ օբյեկտներն օգտագործելու, ֆաունան և ֆլորան վնասելու համար: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ավելի վաղ ընդգծել էր՝ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։

Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Այս պահին դեռ նախնական փուլում ենք, դեռ տրիբունալի ձևավորման փուլում ենք: Այդտեղ էլ գործ ունենք իրավական առարկություններ բերելու, հակափաստարկներ, որովհետև, կարծում ենք՝ այնտեղ շատ լուրջ իրավական խնդիրներ կան:

Միջազգային արբիտրաժի մասնագետ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է կովկասյան ընձառյուծների, արջերի, գայլերի, արծիվների բնոլորտի ոչնչացման համար: Ըստ Հովհաննիսյանի՝ դեռևս 70-ականներին ընդունված Բեռնի կոնվենցիայի հիման վրա աշխարհում առաջին անգամ է հայց ներկայացվում: Բաքվի պնդմամբ՝ իբր ապօրինի շահագործվել են Սարսանգի ջրամբարի և Թարթառի վրա գտնվող ՀԷԿ-երը:

Հայկ Հովհաննիսյան (միջազգային արբիտրաժի մասնագետ) - Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:

Ավելի վաղ միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչը շեշտել էր՝ արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացրեց Հաագայի որոշումից օրեր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին Լաչինի միջանքով ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։

Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել: Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը:

Միջազգային արբիտրաժի մասնագետ, փաստաբան Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԷԿ-երի սեփականատեր հայ ներդրողներն էլ հայց են ներկայացրել Ադրբեջանի դեմ Վաշինգտոնի միջազգային ներդրումային արբիտրաժային դատարանում: Ըստ նրա՝ մեր երկրի համար միջազգային արբիտրաժային վեճերը նորություն չեն: 2023-ի հունվարին Հայաստանը հաղթեց 5 տարի տևած, խոշոր ֆինանսական պարտավորություն ենթադրող վեճում: Հայաստանի դեմ 331 մլն դոլարի հայցը ներկայացվել էր 2018-ի օգոստոսին:

Հայկ Հովհաննիսյան - Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և համակցված երկաթգծի կոնցեսիոների կողմից: Դա ԱՄԷ գտնվող մի ընկերություն էր, և նրա բաժնետերը, որ ԱՄՆ քաղաքացի էր, ՀՀ-ից պահանջում էին խոշոր գումար, որ մեզ հաջողվեց հետ մղել, հաղթել, և Հայաստանի ներդրումային վարկանիշը բավականին աճեց:

Ադրբեջանի իրավական հարձակմանը հակազդելու համար Հովհաննիսյանը կարևորում է մասնագիտական ներուժի համախմբումը՝ ներառելով նաև սփյուռքը:

Հայկ Հովհաննիսյան - Լավատեսական ելքի դեպքում, բացի ՀՀ վարկանիշի բարձրացմանը և քաղաքական հետևանքին, որը կդառնա լավ գործիք՝ մեր դիվանագետների գործիք, կա նաև մեկ այլ արդյունք, որը գրանցեցինք Վաշինգտոնյան արբիտրաժի ժամանակ, հայցվորը վնասի հատուցում կվճարի ՀՀ-ին: Միլիոնավոր դոլարների ծախսի մասին է:

Արբիտրաժային վճիռները պարտադիր կատարման ենթակա են մի շարք գործոնների ուժով, որոնցից մեկն է Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման Նյու Յորքի կոնվենցիան: Տրիբունալի ձևավորումից հետո կսկսվի գործի քննությունը:

  • Կիսվել: