հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մեդիա պաշտպանին» հոդորում եմ նախևառաջ փորձել  պաշտոնական աղբյուրներից ստուգել հանգամանքների իսկությունը․Գոռ Աբրահամյան

«Մեդիա պաշտպանին» հոդորում եմ նախևառաջ փորձել պաշտոնական աղբյուրներից ստուգել հանգամանքների իսկությունը․Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին» վերտառությամբ տպագրված   հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ։  Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն՝  անդրադառնալով «Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնության տարածած հաղորդագրությանը։ Նա մասնավորապես գրում է․

««Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությունն այսօր, հղում կատարելով «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ քրեական ոստիկանությունից ստացված ինչ-որ զանգի վկայակոչմամբ նշվել է, թե դատախազը հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը», շտապել է իր մտահոգությունը հայտնել, իբր, այլակարծությունը Հայաստանում արդեն քրեական գործերով դատապարտվելու կապակցությամբ։

Ուզում եմ հստակ նշել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ:  

Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում տպագրված  վերոնշյալ հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ, և այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

Այսինքն հոդվածի հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու հանձնարարություն չի տրվել և չէր կարող տրվել, քանի որ ուղղակի անհեթեթություն և մասնագիտական անգրագիտություն է հանցագործության հատկանիշների ստուգման փուլում որևէ մեկի քրեական պատասխանատվության հարցի առաջադրումն ընդհանրապես:

Իսկ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությունը պայմանավորված է հոդվածում նշված այն տեղեկատվության ստուգմամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը «...իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից...»:

Ո՛չ առաջին և ո՛չ էլ, վստահաբար, վերջին օրինակն է, երբ որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակման կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից հետաքննության մարմնին տրվում է դրանում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունն ստուգելու հանձնարարություն:

Իսկ իրեն մասնագիտական հասարակական նախաձեռնություն համարող «Մեդիա պաշտպանին» հորդորում եմ նախքան որևէ հարցով միակողմանի անհիմն մտահոգություններ հայտնելը, հայտարարություն տարածելը և չեղած քրեական գործերի վկայակոչմամբ փաստերը խեղաթյուրելը նախևառաջ փորձել նաև պաշտոնական աղբյոււրներից ստուգել հրապարակման մեջ նշված հանգամանքների իսկությունը»։

  • Կիսվել: