երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը ազդարարում են նոր համատեղ ծրագրի մասին

Գլխավոր դատախազությունն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը ազդարարում են նոր համատեղ ծրագրի մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ:

Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի իրականացումը:

Հաշվի առնելով վերոնշյալ վերապատրաստման դրական արդյունքները՝ Աննա Վարդապետյանն ու Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն ազդարարել են նոր դասընթացի մեկնարկի մասին, որին մասնակցելու են ՀՀ-ում գործող բոլոր դատախազները և որն ուղղված է լինելու դատական նիստերի դահլիճում հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտությունների կատարելագործմանը: Շուրջ 400 դատախազի համար նախատեսված դասընթացը կմեկնարկի 2024 թվականի նոյեմբերին և կավարտվի 2025 թվականի ապրիլին:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վերահաստատել են մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը:

  • Կիսվել: