հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երեկ ողջ օրը Գլենդեյլի ոստիկանությունը Արթուր Գևորգյանի տանն է եղել. ուշագրավ մանրամասներ

Երեկ ողջ օրը Գլենդեյլի ոստիկանությունը Արթուր Գևորգյանի տանն է եղել. ուշագրավ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է: Գլխավոր դատախազությունից հայտնել էին մեզ, որ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում են ձերբակալել։

ArmDaily.am-ի ԱՄՆ-ում գտնվող աղբյուրը ուշագրավ մանրամասներ է հայտնել ձերբակալությունից։ Ըստ մեր աղբյուրի Արթուր Գևորգյանը FBI-ի կողմից ձերբակալվել է երեք օր առաջ, իսկ երեկ ողջ օրը Գևորգյանի ԱՄՆ-ում գտնվող տանը մինչև երեկոյան ժամը յոթը Գլենդեյլի ոստիկանությունն է եղել: Դրսում էլ բազմաթիվ մեքենաներ են հավաքված եղել՝ Գևորգյանի հայ ընկերների:

Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչում է մեղադրվում նա, բայց բացառված չէ, որ ձերբակալությունը կապված լինի ներամերիկյան քրեական գործի հետ:

Նշվում է, որ Գևորգյանը սերտ կապեր ունի Գլենդեյլի ոստիկանությունում։

Հիշեցնենք, այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգյանի փաստաբանը՝ Հրանտ Անանյանը հայտնեց, որ Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու քրեական գործով ինքը չի գտնվում որևէ կալանավայրում։ Մենք դեռ օրեր առաջ ունեինք այս տեղեկությունը, սակայն այն ժամանակ ևս փաստաբանը հերքել էր։

Հավելենք, որ Արթուր Գեւորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) եւ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հետախուզում հայտարարվել։

  • Կիսվել: