չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երբ խոսում ենք անվտանգության մասին՝ խոսում ենք խաղաղության մասին, դա ոչ միայն տարածքների,այլ նաև մարդկանց անվտանգության հարց է․ ՄԻՊ

Երբ խոսում ենք անվտանգության մասին՝ խոսում ենք խաղաղության մասին, դա ոչ միայն տարածքների,այլ նաև մարդկանց անվտանգության հարց է․ ՄԻՊ

«Գազի անջատման խնդիրը էթնիկ ու նաև կրոնական ատելությամբ պայմանավորված քաղաքականության ընդամենը մեկ դրսևորում էր, ես նախորդիվ էլ  ուշադրություն էի  հրավիրել այն կրակոցներին, հոգեբանական ճնշման այն գործողություններին, որոնք կիրառվում էին  փետրվարի վերջին՝ Խրամորթի և Ասկերանի շրջանի մյուս գյուղերի  նկատմամբ։ Գազի անջատումը ընդամենը հերթական գործողությունն էր։ Հաջորդիվ եղավ ներխուժում՝ Փառուխի դեպքը, Քարաբերդի բարձունքում դիրքավորումները»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց  ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը, անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ՄԻՊ-ն Արցախում գազամատակարարման խափանումը համարել էր էթնիկի զտման փորձ,այժմ ինչ կարծիք ունի այս մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում,եթե անվտանգության ինչ-որ երաշխիքներ լինեն։ 

ՄԻՊ-ը նախ նշեց, որ այժմ խախտված են Խրամորթից և Փառուխից տեղահանված ավելի քան 400 քաղաքացիների իրավունքներ, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց կյանքի և սեփականության իրավունքը․ «Քաղաքականությամբ որոշումներ կայացնելիս, այս կամ այն  կարգավիճակի հետ կապված քննարկումներ իրականացնելիս, որպես ՄԻՊ իմ պահանջն է և իմ մոտեցումն է, որ որևէ կարգավիճակի մասին  որևէ որոշում հարգի անձանց ոչ միայն անվտանգության հարցը, այլ նաև ապահովի  բնականոն, արժանապատիվ կյանքի, իրավունքների ամբողջ համախմբի  իրացումը երաշխավորող պայմանների առկայությունը»։  

Գրիգորյանը նշեց․ «Իմ խնդիրն է ՄԻՊ մեթոդաբանությամբ հավաքագրված բոլոր փաստերը ներկայացնել կառավարությանն ու նաև միջազգային կազմակերպությունններին, համանախագահության՝ Երևանում ներկայացված դեսպանատներին, ինչը ես անում եմ՝ ցույց տալու համար, որ այս ատելության քաղաքականությունն ուղղակիորեն սիստեմատիկ է և միտված է հայաթափմանը։ Քաղաքական ուժերը կարող են լիուլի օգտվել այս փաստերից՝ ներկայացնելու և առաջ մղելու քաղաքական կոնկրետ որոշումներ, որոնք պիտի սպասարկեն մարդկանց իրավունքների հարցը»։ 

Պաշտպանն ընդգծեց․« Երբ խոսում ենք անվտանգության մասին, խոսում ենք խաղաղության մասին, դա չի կարող ուղղակի լինել տարածքների անվտանգության  հարց, դա մարդկանց անվտանգության հարց է և պետք է սրանք դրվեն բոլոր որոշումների հիմքում»։ 

  • Կիսվել: