չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:
 
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով, նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում՝ 4000 ԱՄՆ դոլար կաշառք:
 
Նախաքննության ընթացքում ԵՊՀ ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
 
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

  • Կիսվել: