չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Դիզվառելիքին տալու էինք 425, հետո իմացանք՝ մատակարարողը «Ֆլեշ» ՍՊԸ-ն կլինի, անցողիկն էլ 452. Սերժ Սարգսյանի գործով վկա

Դիզվառելիքին տալու էինք 425, հետո իմացանք՝ մատակարարողը «Ֆլեշ» ՍՊԸ-ն կլինի, անցողիկն էլ 452. Սերժ Սարգսյանի գործով վկա

Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 28-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, հարցաքննվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով վկա «Սոբրանիե» ընկերության նախկին տնօրեն Սեւան Քոչարյանը, գրում է news.am-ը:

Նշենք, որ Սեւան Քոչարյանի դիմումն է հանդիսացել այս քրեական գործի առիթը։

«Զանգահարեցին, ներկայացան որպես Գյուղատնտեսության նախարարության վարչության պետ եւ ինձ առաջարկվեց մասնակցել գյուղացիների համար արտոնյալ պայմաններով նախատեսված դիզվառելիքի մատակարարման մրցույթին։ 2 օրից ես զանգահարեցի նույն համարով, որից ինձ զանգ էր եկել, ասացի՝ հնարավորություն տեսնում եմ մասնակցելու։ Պայմանավորվեցինք, որ մի քանի օրից ինքը զանգի ու արդեն անցնենք կոնկրետ գործողությունների։ Մի քանի օրից զանգահարեց նույն վարչության պետը եւ առաջարկեց հանդիպել Գյուղատնտեսության նախարարի հետ։ Հաջորդ օրը գնացինք, նախարարի հետ եղավ նույն խոսակցությունը մրցույթի հետ կապված, հնարավոր գինը, ինչ գնով կարող եք տալ, ինչ հնարավորություններ ունեք, այդ ամեն ինչը ճշգրտելուց հետո մենք ասացինք՝ ինչ գնով կարող ենք մատակարարել, ինքն էլ ասաց՝ հնարավո՞ր է մի 10 դրամ ցածր լիտրի մեջ, ես ասացի՝ հնարավոր չի, որովհետեւ խոսքը գնում է մեկ տարի ժամկետի մասին, այդ ապրանքը գնվում է տարադրամով, որի գինն անընդհատ փոխվում է միջազգային շուկայում, ասաց՝ եղավ։ Էլեկտրոնային փոստով ուղարկեցինք բոլոր փաստաթղթերը։ Արդեն պետք է տեղի ունենար մրցույթը, ծրարները պետք է բացեին։ Ժամը 17։45, մինչեւ ծրարները բացելը, իմ հեռախոսին զանգ եկավ ինձ ծանոթ մարդուց, մեր ընկերության տնօրենից, վրա տալով բա՝ Պաշտպանության նախարարությունից պրծել ես, հիմա էլ անցել ես Գյուղնախին, մեծ դաշտ ես դուրս եկել, ես էլ իմ պատասխանը տվեցի իրեն։ Գյուղնախարարին ասել էինք՝ տալու ենք 430 գին, նախարարի հորդորով եւ միջազգային շուկան այդ օրերին հաշվի առնելով տվեցինք 425։ Մրցույթը կայացավ, նախարարությունից մեզ ոչ մեկ չի իրազեկել՝ մենք պարտվել ենք, թե հաղթել։ Հաղթում է Խաչիկ Մանուկյանը։ Մի քանի օր հետո տարբեր աղբյուրներից իմացանք, որ մատակարարողը պետք է լինի «Ֆլեշ» ընկերությունը։ Չգիտես՝ ինչու անցողիկը եղավ 440, ավելի ուշ իմացանք, որ այդ 440 դարձել է 452»,- իր ցուցմունքում նշեց գործով վկան։

Գործով վկան լսողության հետ կապված առողջական խնդիրներ ուներ, եւ դատավարության մասնակիցների հարցերը լսել նրան չէր հաջողվում։ Նա դատարանին հայտնեց, որ իրեն բուժող բժիշկն արտերկրից վերադառնալու է մայիս ամսին։ Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը՝ որոշեց նիստը հետաձգել։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում էլ Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը եւ մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ: Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17 մլն 41 հազար 300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1 միլիարդ 789 միլիոն 336 հազար ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջեւ 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին: Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչեւ 17 մլն 343 հազար 530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչեւ 1 մլրդ 821 մլն 70 հազար ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջեւ կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել եւս 31 մլն 734 հազար ՀՀ դրամ: Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչեւ հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը: Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5 մլն 255 հազար 196 լիտրի համար տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551 մլն 795 հազար ՀՀ դրամ սուբսիդիան վերաձեւակերպվել է 6 մլն 131 հազար 62 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչեւ նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3 մլն 303 հազար 431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297 մլն 308 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231 մլն 240 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66 մլն 68 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ:

  • Կիսվել: