հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դատավորը ոչ թե տնային կալանքի մասին որոշումն է բեկանել, այլ այդ հարցով վարույթ հարուցելու մասին որոշումը․ Վարդևանյան

Դատավորը ոչ թե տնային կալանքի մասին որոշումն է բեկանել, այլ այդ հարցով վարույթ հարուցելու մասին որոշումը․ Վարդևանյան

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվեր, ասել է, որ այդ հարցով վարույթ հարուցելու համար վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել։ Նա բեկանել է վարույթ հարուցելու որոշումը»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Տեխնիկական, ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանությամբ է բեկանվել որոշումը։ Բայց չի ասել, որ տնային կալանք կիրառելու մասին որոշումը պետք է բեկանվի և պետք է, օրինակ, կալանք կիրառվի։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե առկա է ինտենսիվ խափանման միջոց՝ կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր առաջ պետք է երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, և քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դա դիտարկվել է դատավորի կողմից, վարույթ է հարուցվել և այսօր՝ 16։00-ին, դատական նիստ է նշանակվել։ Քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոցի փոփոխության որևէ կառուցակարգ չի նախատեսում , եթե արդեն հստակ ժամկետն առկա է, չի նախատեսում։ Հետևաբար, դատախազությունը և քննչականն ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում, երևի թե, երազում են Սամվել Կարապետյանին տեսնել կալանավորված, բայց ունեն մեծագույն խոչընդոտ՝ քրեական դատավարության օրենսգիրքը։ Կա՛մ թո՛ղ գան արձանագրեն, որ ՀՀ–ում քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կա՛մ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն»,–հավելեց Վարդևանյանը։

Նա նշեց, որ, ըստ Սուրեն Խաչատրյանի՝ առաջին ատյանի դատարանը ելակետեր չուներ։

«Այսինքն՝  մի կողմից ուներ՝ բժշկի կարծիք, մյուս կողմից՝ ՔԿՀ-ի կողմից ԲԿ չտանելու թուղթը, էլ ի՞նչ ելակետ պետք է ունենար»,- ասաց Վարդևանյանը՝ նկատելով, որ Վճռաբեկ դատարանի պրակտիկայով՝ պետության կողմից  անգործության առկայության դեպքում անձի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքի կամ ավելի նվազ խափանման միջոցի, ընդ որում, առավել նվազ անգործության դեպքում, երբ մի քանի անգամ անձը տեղափոխվել է ԲԿ, մեկ անգամ՝ ոչ։ 
 

Այժմ Սամվել Կարապետյանը դեռ ՔԿՀ չի տեղափոխվել, ըստ Վերաքննիչ դատարանի որոշման՝ եթե անձը չունենար բժշկական օգնության անհետաձգելի կարիք, կարող էր տեղափոխվել ՔԿՀ։ 

Դատարանում այժմ քննարկվում է տնային կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը։ 

«Քրեական օրենսգիրքը խափանման միջոցների փոփոխության որևէ կառուցակարգ չի նախատեսում, երբ արդեն հստակ ժամկետը առկա է։ Իրենք երազում են Սամվել Կարապետյանին տեսնել կալանավորված, բայց ունեն մեծ խոչընդոտ` Քրեական դատավարության օրենսգիրքը։ Կա՛մ թող արձանագրեն, որ ՀՀ-ում Քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կա՛մ պիտի ստիպված լինեն դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը»,-ասաց փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը ՝ երկու ամիս ժամկետով։

  • Կիսվել: