Դատավորը հերթական անգամ մերժեց Քոչարյանի պաշտպաններին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դուրս գալով խորհրդակցական սենյակից դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին:
Նշենք, որ այսօրվա դատական նիստի սկզբում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Փաստաբանը միջնորդությունը ներկայացնելիս ասել էր, որ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը չի առաջնորդվում ոչ ՄԻԵԴ, ոչ ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերելի նախադեպերով, սակայն նախկինում իր պրակտիկայում կիրառել է դրանք։ Բացի այդ, Խուդոյանն ասել էր, որ դատավոր Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի տվյալ գործի և, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
«Նախագահող դատավորը, նախապես տեղյակ եղել է այնպիսի իրավական հիմնավորումների, որոնք թույլ են տալիս խոչընդոտելու հիմքի առկայության պարագայում կիրառել խափանման միջոց գրավ, և հետագայում սույն գործի շրջանակներում կայացրել է որոշում, որով գտել է, որ այդ իրավական հիմքն առկա չէ», - նշել էր նա:
Նկատենք, որ սա առաջին անգամը չէ, որ Դանիբեկյանը մերժում է Քոչարյանի պաշտպաններին՝ չբավարարելով նրանց միջնորդությունը. Դանիբեկյանը երկու անգամ մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: