հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դատարանը կարգալուծ արված եպիսկոպոսի մասին որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին

Դատարանը կարգալուծ արված եպիսկոպոսի մասին որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին՝ այն տեղադրելով դատական իշխանության պաշտոնական կայքում:

Նշենք, որ այսօր դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական նիստը: Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):

Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը միջնորդեց վերացնել հայցի ապահովման միջոցը՝ շեշտելով, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ: Զոհրաբյանի խոսքով՝ դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, ինչի իրավունքը չունի՝ համաձայն թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավունքի:

«Նախ՝ նա չի կարող վերականգնվել, քանի որ արդեն կարգալույծ է արված, իսկ թեմի առաջնորդ կարող են նշանակվել միայն հոգևորականները: Թեմակալ առաջնորդն իր հարցերը կարող է բարձրաձայնել՝ դիմելով ներեկեղեցական ատյաններին՝ Ազգային-եկեղեցական ժողովին կամ Եպիսկոպոսաց ժողովին, որը բարձրագույն մարմին է»,– ասաց Զոհրաբյանը:

  • Կիսվել: