երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դատարանը չանդրադարձավ հարցին, թե քրեական դատավարության ո՛ր նորմերով է դադարեցվել քրեական հետապնդումը. դատախազ

Դատարանը չանդրադարձավ հարցին, թե քրեական դատավարության ո՛ր նորմերով է դադարեցվել քրեական հետապնդումը. դատախազ

Մենք կարող ենք մեր միջնորդության մեջ զետեղված հիմքերն ու հիմնավորումները որպես այդ միջնորդության դեմ ներկայացվող առարկություն ներկայացնել: Այդ մասին այսօր Քոչարյանի և մյուսների գործով դատական ակտի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ, մասնավորապես՝ ՍԴ դիմելու հիմքերն ու հիմնավորումները: Դատարանն այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմերին հղում կատարելով՝ քրեական հետապնդումը դադարեցրեց:

Դրանք վերաբերո՞ւմ էին արդյոք այն նորմերին, որոնց մենք, որպես կիրառման ենթակա նորմեր, հղում էինք կատարել և նշել, որ դրանք առերևույթ հակասահմանադրականության խնդիր ունեն, հետևաբար դրանց կարող ենք անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո:

Այս պահին նույնիսկ չեմ կարող ասել՝ դատարանը որևէ հղում կատարել է մեր առարկություններին ՍԴ դիմելու վերաբերյալ, թե ոչ՛՛:

Պատասխանելով հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՛՛Մարտի 1-ի՛՛ գործը փլուզվեց, նա նշեց, որ իրենք սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքների մասով իրենց դիրքորոշումն արտահայտել են:

Պետրոսյանն ասաց. ՛՛Արտահայտել ենք, որ ՍԴ կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության՝ իրենց լիազորություններն իրականացնելու, թե՛ նաև դատարանի կողմից հետագայում նաև տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից: Այս բոլոր հարցերին հնարավոր կլինի մանրամասն, համակողմանի անդրադառնալ բացառապես այդ դատական ակտը ստանալուց հետո՛՛:

Լրագրողների հարցերին պատասխանեց նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ասելով, որ դատախազությունը նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չունի: ՛՛Այսինքն՝ չկա արարք, որը ՀՀ-ն կհամարի որպես հանցագործություն, և դատախազությունը պետք է առաջնորդվի անմեղության կանխավարկածով՛՛,-նշեց նա:

Ըստ Օրբելյանի՝ անհրաժեշտ է քննություն իրականացնել՝ պարզելու մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում 10 մարդու սպանության մեղավորներին և նրանց մահվան հանգամանքները: Նա նշեց. ՛՛Տուժողների ներկայացուցիչները պետք է դիմեն ՀՔԾ՝ պահանջելով քննել վերոնշյալ հանգամանքները, և եթե գործը կգա, կհասնի նրան, որ պարոն Քոչարյանը մեղավոր է, այդ ժամանակ կխոսենք՛՛:

Պաշտպանը հավելեց, որ դատական գործը շարունակվելու է կաշառք ստանալու հետ կապված մեղադրանքով: Օրբելյանի խոսքով՝ մի շարք հանգամանքներ ստիպում են պնդել, որ այդ գործընթացն օրինականության խնդիր ունի:

Հիշեցնենք, որ այսօր դատարանը որոշեց դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը

  • Կիսվել: